«Ես պետք է հանգստանամ և հետևեմ բժշկի հրահանգներին». Մադոննան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է մի շարք համերգային ծրագրեր

14:39 • 28.11.19

Հանրահայտ երգչուհի Մադոննան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է ԱՄՆ Բոստոն քաղաքում կայանալիք իր երեք համերգը, գրում է Fox News-ը:

«Խնդրում եմ, ներեցե՛ք իրադարձությունների անսպասելի շրջադարձի համար: Ամեն երեկո ելույթ ունենալն ինձ անասելի երջանկություն է պարգևում, և դրանց չեղարկումը ինձ համար պատիժ է, բայց ես ցավեր ունեմ. պետք է հանգստանամ ու հետևեմ բժշկի հրահանգներին, որպեսզի կարողանամ Madame X-ի ճանապարհորդությունը ձեզ հետ շարունակել լիովին կազդուրված ու ավելի մեծ էներգիայով»,- իր գրավոր հայտարարության մեջ նշել է Մադոննան:

Նախատեսվում է, որ երգչուհին իր համերգային շրջագայությունը կվերսկսի Ֆիլադելֆիա քաղաքում՝ դեկտեմբերի 7-ին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մադոննան հոկտեմբերին ևս իր համերգային շոուն չեղարկել էր՝ ծնկի շրջանում ստացած վնասվածքի պատճառով:

«Madame X-ը նույնպես միս ու արյունից է և պետք է առաջիկա երեք օրերին հանգստանա՝ ծունկն ամբողջովին վերականգնելու համար»,- գրել էր երգչուհին:

Աղբյուրը գրում է, որ Madame X համերգային շրջագայությունն ի սկզբանե անմասն չի մնացել սկանդալներից. նոյեմբերի սկզբին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը դատի էր տվել Մադոննային` համերգային շոուի ժամը փոխելու համար: Ֆլորիդա նահանգի բնակիչ Նեյթ Հոլանդերը հայց էր ներկայացրել շրջանային դատարան՝ ընդդեմ համերգային կազմակերպիչ Live Nation-ի և Մադոննայի: Նրա պնդմամբ՝ դեկտեմբերի 17-ին նախատեսված համերգային շոուի ժամերի փոփոխությունը երգչուհու և տոմսերի գնորդի միջև կնքված պայմանագրի խախտում է։

Դատական հայցում նշվում է, որ թեև համերգի տոմսը գնելու պահին համերգը նախատեսված է եղել 20։30-ին, հետագայում համերգի կազմակերպչի և Մադոննայի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ տեղափոխվել է 22։30-ին։

«Ես պետք է հանգստանամ և հետևեմ բժշկի հրահանգներին». Մադոննան առողջական խնդիրների պատճառով չեղարկել է մի շարք համերգային ծրագրեր