Էլիզաբեթ 2-րդն առաջիկա 18 ամիսների ընթացքում կարող է հրաժարվել գահից՝ հօգուտ արքայազն Չարլզի. The Sun

13:26 • 28.11.19

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն առաջիկա 18 ամիսների ընթացքում կարող է հրաժարվել գահից՝ հօգուտ իր ավագ որդի Չարլզի: Այդ մասին գրում է The Sun պարբերականը՝ հղում անելով թագավորական ընտանիքին մոտ աղբյուրների:

Արքայազն Չարլզն իր ողջ կյանքի ընթացքում անհամբերությամբ սպասել է միապետի գահին տիրանալու բաղձալի պահին, սակայն հիմա՝ 71 տարեկան հասակում, արքայազնն առավել քան պատրաստակամ է և այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, գրում է News.com.au-ն:

Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրը չորեքշաբթի The Sun պարբերականին հայտնել է, որ արդեն մի քանի ամիս է, ինչ քննարկվում է արքայազն Չարլզի գահին անցնելու հարցը:

«Վերջերս արքայազն Էնդրյուի և (մանկապղծության համար մեղադրված) Ջեֆրի Էփշթեյնի շուրջ ծագած սկանդալն արքայազն Չարլզին հնարավորություն ընձեռեց ապացուցելու, որ կարող է ստանձնել Մեծ Բրիտանիայի միապետի պաշտոնը»,- գրում է աղբյուրը և հավելում, որ Չարլզը վերջին շրջանում վճռական և խելամիտ է գործել: Նշվում է, որ հենց նա է ճնշում գործադրել եղբոր՝ Էնդրյուի վրա, որպեսզի նա իր թագավորական պարտականությունները վայր դնի: 

The Sun պարբերականը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի 93-ամյա թագուհի Էլիզաբեթ 2-րդը մոտենում է այն տարիքին, երբ արքայազն Ֆիլիպը վայր դրեց իր պարտականությունները՝ կատակելով, որ այդ տարիքում հազիվ է կարողանում ոտքի վրա մնալ: