Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հարուցվել է քրեական գործ. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։
Այլ մանրամասներ ճշտվում են։
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը նշում է, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում պայթյունի հետևանքով Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մահվան միջադեպի վերաբերյալ Tert.am-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։
Մասնավորապես, ըստ տեղեկության՝ Աշոտ Կարապետյանը մահացել է պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Սյուրպրիզ» մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեխնոլոգիական գործընթացի խախտման պատճառով։ Նշենք, որ պայթյունին հաջորդել է նաև հրդեհ։
Ըստ Tert.am–ի տեղեկությունների՝ նշված գարեջրային ընկերությունը պատկանում է Աշոտ Կարապետյանին:









