Առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը դեմագոգիա է և ժողովրդին «կլպելու» հերթական միջոց. Վահան Բաբայան (տեսանյութ)
Առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը դեմագոգիա է և ժողովրդին «կլպելու» հերթական միջոց: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը` նշելով, թե նախագծի ներդրումը բերելու է մեծ սոցիալական ցնցումների:
Նախագծում, հիշեցնենք, նշվում է, որ ԱՀԱ ներդրման հիմնական նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն: Հարկատեսակի չափը, ըստ նախագծի, պետք է սահմանվի 6 տոկոս:
Ըստ Բաբայանի` նախագծի նպատակը ոլորտում մեծ գումարներ հավաքագրելն է, ոչ թե պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումը: «Ներդրումներ չկան երկրում, դրա համար էլ այս նախագիծն են մտածել, որպեսզի բյուջեի որոշակի ծախսերը կարողանան բալանսավորել: Մնացած հայտարարությունները հեքիաթներ են»,-ասաց Բաբայանը:
Նրա խոսքով` նման նախագծերը Հայաստանում պետք է լինեն ոչ թե պարտադիր, այլ` կամավոր: «Հայաստանը պատրաստ չէ անցնել որևէ պարտադիր ծրագրի: Հերիք է, որ մեր քաղաքացին այդ պարտադիրների տակ մտնի: Պարտադիրը մի բան պետք է լինի մեր երկրում` օրենքի գերակայությունը, սոցիալական արդարությունը»,-ասաց նա:
Մանրամասները` տեսանյութում:









