Տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել․ էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)

13:55 • 28.11.19

Տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի է ունեցել: Այս մասին այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով այն կարծիքներին, թե տնտեսական հեղափոխություն չի կարող լինել:

«Ընդդիմադիրները, որոնք պնդում են, որ հնարավոր չէ, նրանց թվում է՝ դա մի բան է, որը պետք է տեղի ունենա ապագայում և անտեսում են այն կարևոր փոփոխությունները, որոնք  մեր իրականության մի մասն են»,- ասաց նախարարը:

Խաչատրյանը նշեց՝ արհեստական մենաշնորհներ չկան և չեն կարող լինել, կոռուպցիա չկա և չի կարող լինել: Ըստ նրա՝ հավասար մրցակցային պայմաններում բոլորն ազատ են իրենց գաղափարներն իրագործելու համար, որը, տնտեսական հեղափոխության կարևոր մասն է:

Անդրադառնալով այն հարցին, թե 7.1 տոկոս տնտեսական ակտիվությունն արդյո՞ք լավ ցուցանիշ է, Խաչատրյանը պատասխանեց, որ նրանց կարծիքով՝ լավ է, սակայն կարող է լինել ավելի լավ: Նա նաև նշեց, որ տարին կամփոփեն 7 տոկոս տնտեսական աճով:

Խաչատրյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է՝ 7.1 տոկոսն իրական ցուցանիշ չէ, և իրական աճը 3.0-3.5 տոկոսի միջակայքում է, նախարարն ասաց, որ Բագրատյանը առանց հիմնավորումների ամեն ինչ կարող է ասել:

«Եթե նա ուզում է, որ այդ թիվը բարձրաձայն քննարկման առարկա դառնա, ապա պետք է բացատրի, թե ինչ նկատի ունի: Նա վիճակագրության  կոմիտեի կողմից հրապարակած իրական ցուցանիշի փոխարեն ենթադրություն է բարձրաձայնում»,- ասաց նա: