Ամերիկյան կայքում նորածին երեխայի վաճառքի մասին հայտարարություն է հայտնվել. ոստիկանությունը փնտրում է հեղինակին

16:08 • 28.11.19

Craiglist անվանումով ամերիկյան կայքում հայտնվել է նորածին երեխայի վաճառքի մասին հայտարարություն: Երեխայի համար պահանջվել է 500 դոլար, գրում է The Sun բրիտանական պարբերականը: 

Տեքստում ասվում է. «500 դոլարով վաճառվում է նորածին երեխա: Երեխան երկու շաբաթական է, քնում է հանգիստ, գիշերները չի աղմկում: Կաթնային խառնուրդը և հագուստը ներառվում են փաթեթի մեջ: Անվճար կարող ենք տալ նաև 4-ամյա քրոջը»:

Այս տարօրինակ հայտարարությամբ հետաքրքրվել է Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդ շրջանի ոստիկանությունը: Իրավապահները փնտրում են հեղինակին, որպեսզի պարզեն՝ արդյոք հայտարարությունը համապատասխանում է իրականությանը և նրա իրական մտադրություններին:

Այս պահին հայտարարությունը կայքից հեռացված է: