Գերբնական ոչինչ չեմ արել, սովորականի պես ներկայացել եմ թռիչքին. Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 օդանավի առաջին օդաչու

03:20 • 28.11.19

Մերձմոսկվայում եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321-ի առաջին օդաչու Դամիր Յուսուպովը РИА Новости-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր արարքը չի համարում գերբնական և որ պարզապես գնացել է աշխատանքի` կատարելով իր պարտականությունները:

«Չեմ համարում, որ գերբնական ինչ-որ բան եմ արել: Ինչպես ասել եմ նախկինում, հերոս դառնալու մտադրություններ ևս չեմ ունեցել: Պարզապես կատարել եմ իմ աշխատանքը` սովորականի նման ներկայանալով հերթական թռիչքին»,- ասել է Յուսուպովը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը А321 օդանավի օդաչուներին ՌԴ հերոսի կոչում էր շնորհել: Օգոստոսի 15-ին ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավը վթարային վայրէջք էր կատարել Մերձմոսկովյան շրջանում՝ «Ժուկովսկի» օդանավակայանից օդ բարձրանալուց հետո:

Օդանավում գտնվել է 234 մարդ, այդ թվում՝ 7 հոգանոց անձնակազմը: Օդանավում եղել են նաև հայեր: Այն Մոսկվայից Սիմֆերոպոլ էր թռչում: Բարձրություն հավաքելու ժամանակ օդանավը բախվել է երամի, ինչի հետևանքով երկու շարժիչներն անջատվել են, քանի որ դրանցում թռչուններ են հայտնվել: