Կազմակերպիչները ներկայացրել են «Եվրատեսիլ-2020»-ի լոգոտիպը (տեսանյութ, լուսանկար)
Եվրոպական հեռարձակողների միությունը ներկայացրել է հաջորդ տարվա մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամ քաղաքում կայանալիք «Եվրատեսիլ-2020» երգի 65-րդ միջազգային մրցույթի պաշտոնական լոգոտիպը, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը:
Այն իրենից ներկայացնում է 41 մասնակից երկրների դրոշներից կազմված շրջան՝ մրցույթին իրենց առաջին մասնակցության հաջորդականությամբ:
«Այս որոշումը հատուկ է հոլանդական դիզայնին. լոգոտիպը մինիմալիստական է, նորարարական ու փորձարարական: Այն պատմություն ունի, գունագեղ է ու հանդիսավոր: Այնպես է ստացվել, որ 1956 թվականի առաջին եվրատեսիլյան մրցույթին հենց առաջինը հանդես է եկել Նիդեռլանդները, այդ պատճառով էլ ամենասկզբում հոլանդական դրոշի գույներն են»,- հայտարարել է «Եվրատեսիլ-2020»-ի գործադիր պրոդյուսեր Սիթսե Բաքերը:
Մրցույթը կանցկացվի Open Up («Բացվի’ր») խորագրի ներքո:












