«Ամո՛թ». Թբիլիսիում ընդդիմադիրները սուլել և ամոթանք են տվել խորհրդարան մտնող իշխանական պատգամավորներին (տեսանյութ)

15:14 • 28.11.19

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ցուցարարների հետ միասին բողոքի ակցիա անցկացնող ընդդիմադիր պատգամավորները Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հիմնական մուտքի մոտ, իրենց իշխանական գործընկերներին դիմավորել են սուլոցներով և նրանց ուղղությամբ «ամոթ» գոռալով: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Այսօր առավոտյան ընդդիմադիր կուսակցությունների ակտիվիստներն ու ցուցարարները կրկին հավաքվել են Ռուսթավելի պողոտայում, որպեսզի պիկետ անցկացնեն խորհրդարանի մուտքերի մոտ, սակայն ոստիկանները երկաթյա ցանկապատերով փակել են խորհրդարան տանող ճանապարհները:

Պատգամավորները ստիպված են եղել խորհրդարան մտնել շրջանցիկ մուտքերից, իսկ խորհրդարանի ներքին բակ կարողացել են մտնել միայն ազգային անվտանգության մեքենաներով: Ընդդիմադիր պատգամավորներ Նիկա Մելիան, Էլենե Խոշտարիան և Իրմա Նադիրաձեն կանգնած են խորհրդարանի կենտրոնական մուտքի դիմաց և ժամանող իշխանական գործընկերներին հարցնում են, թե ինչու չընդունվեց ընտրական համակարգի բարեփոխումների ծրագիրը, արդյոք նրանք իրենց պատասխանատու չեն զգում երկրում ստեղծված քաոսի համար և արդյոք չեն ամաչում, թե ինչ եղանակներով են այսօր մտնում խորհրդարան:

Իշխանական պատգամավորներն աշխատում են չարձագանքել իրենց ընդդիմադիր գործընկերներին:

«Վրաստանի իշխանությունները խուճապի մեջ են: Մենք տեսնում ենք, որ պատգամավորները քիչ է մնում գլուխները թաքցրած վազեն խորհրդարան, նրանք մտնում են այնտեղ շրջանցիկ ճանապարհներով՝ ազգային անվտանգության և ոստիկանական մեծաքանակ ուժերի պաշտպանությամբ: Ոստիկանական խմբեր են գտնվում բոլոր փողոցներում: Իշխանությունները խուճապի մեջ են, բայց չեն ամաչում դրանից: Նրանց երկար չի մնացել»,- ասել է Մելիան լրագրողներին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: