Ալբանիայի պաշտպանության նախարարը չի կարողացել զսպել արցունքները` երկրաշարժի զոհերի անունները կարդալիս (տեսանյութ)
Ալբանիայի պաշտպանության նախարար Օլտա Հասկան չի կարողացել զսպել արցունքները` երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացած մարդկանց անունները կարդալիս: Այս մասին հայտնում է life.ru-ն:
«Սա իմ ամենաբարդ ելույթն է: Մենք կարող ենք վերականգնել փլուզված շինությունները, բայց չենք կարող վերադարձնել այն մարդկանց կյանքերը, որոնք զոհվեցին երկրաշարժի ժամանակ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ երեքշբթի՝ երևանյան ժամանակով ժամը 6:54-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա:
Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժին հաջորդել են 5 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ: Նշվում է, որ տարերային աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի: Տուժել է 650 մարդ, փրկարարները շարունակում են աշխատանքները, փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 45 մարդու:









