Հայկ Մարությանը ստել է. գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքից նվիրատվություն քաղաքապետարանը ստացել է (տեսանյութ)

22:16 • 28.11.19

Քաղաքապետ Հայկ Մարությանն օրերս լրագրողների հետ զրույցում բացառել էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին «ԿամԱԶ»-ներ է նվիրել։

«Գաղտնի նվերներ քաղաքապետարանը որևէ մեկից չի ընդունել, գործարար Սամվել Ալեքսանյանից՝ առավել ևս։ Այդ տեղեկատվությունը հերքում եմ: Նրա հետ կապակցված ընկերությունները ևս չեն նվիրել, բայց եթե որոշի նվիրել, քաղաքապետարանը չի հրաժարվի»,- ասել էր Հայկ Մարությանը:

Այսօր, սակայն, նույն քաղաքապետարանը հրապարակել է այս պահի դրությամբ քաղաքապետարանին նվիրատվություն կատարած 5 կազմակերպությունների անունները, և թե որքան տեխնիկա են նվիրել այդ կազմակերպությունները:

Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.

1. Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ,

2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) - 10 հատ, աղբատար KO 427-72 ԿամԱԶ- 53605-773950-48 - 2 հատ, KO440B1-01 ԿամԱԶ-65115-3081-50 – 2 հատ,

3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ,

4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69 – 3 հատ,

5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ ԿամԱԶ 65115-773962-50, 1 հատ

Ուշագրավ է, որ 5 կազմակերպությունների մեջ է նաև գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը քաղաքապետարանին նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ ԿամԱԶ 43253-3010-69:

Փաստորեն երկու օր առաջ քաղաքապետը հերքում է գործարար Սամվել Ալեքսանյանից և նրա հետ կապակցված ընկերություններից նվիրատվություն ստանալու փաստը, իսկ այսօր պաշտոնական հայտարարություն է տարածում, որից պարզ է դառնում, որ այդուհանդերձ գործարարին պատկանող ընկերություններից «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն նվիրատվություն է արել:

Պաշտոնական հաղորդագրությունից հետո փաստ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ստել է:

Վերոնշյալի վերաբերյալ Մարությանի պատասխանները կարող եք դիտել ստորև ներկայացվող տեսանյութում: