Առողջապահության նախարարությունը բյուջեից 37 մլն դրամ է ծախսել գովազդի համար
Առողջապահության նախարարությունը գնման ընթացակարգով 2019-ին 37 մլն դրամ է ծախսել պետբյուջեից ՝ գովազդային վահանակների պատրաստման ու գովազդային պաստառներով ավտոբուսների ձևավորման ու մոնտաժի համար:
Առողջապահության նախարարությունը գնման ընթացակարգով «Անտարես» ՍՊԸ-ին 20 մլն 700 հզր դրամի գովազդային պատվեր է տվել:
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է նախարարության՝ գնումների վերաբերյալ հրապարակումներից:
Առողջապահության նախարարությունը գովազդային վահանակներ է պատվիրել: Արտաքին գովազդային վահանակների պատրաստում՝ 3 տեսակի, ընդհանուր 60 հատ: Գովազդային վահանակները կտեղադրվեն Երևան քաղաքի բանուկ փողոցներում, ինչպես նաև ՀՀ տասը մարզերի բանուկ վայրերում՝ յուրաքանչյուր մարզում երկուական: Գովազդային վահանակները կտեղադրվեն նաև մայրուղիներում: Վահանակները կմնան տեղադրված առավելագույնը հինգ ամիս:
17 մլն դրամի պայմանագիր էլ Առողջապահության նախարարությունը «Ունիվերսալ Ինվեստ» ընկերությանն է պատվիրել՝ կրկին 2019-ին, պատվերն արվել է գնման ընթացակարգով:
17 մլն դրամը կծախսվի ավտոբուսների գովազդային ձևավորման ու մոնտաժի համար՝ մայրաքաղաքի և միջմարզային տրանսպորտային միջոցներում:









