Պետական շինարարությունը չի կարող ընթանալ միայն դատավարություններով, իսկ արդարադատությունը չպետք է դառնա գործադիրի կցորդը. Նարինե Մկրտչյան (տեսանյութ)

21:15 • 28.11.19

Նոր քաղաքական համակարգը պետք է ձևավորվի նոր Սահմանադրության հիման վրա. հենց Մայր օրենքի հիմքի վրա պիտի կառուցվի Նոր Հայաստանը, բայց հեղափոխական իշխանությունը, ցավոք, մոռացավ իր այդ կարևոր խոստումը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը:

«Վերջին սահմանադրական փոփոխությունների արդյունքում ստեղծված քաղաքական համակարգը Սերժ Սարգսյանի համար էր: Այս սահմանադրական կոստյումը Նիկոլ Փաշինյանը հաճույքով հագավ և չի հրաժարվում դրանից»,- ասել է նա:

Ըստ Մկրտչյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի քայլերը խիստ ցաքուցրիվ են, հակահամակարգային, ընտրովի, և այդ պայքարը մեծ արդյունավետություն չունի. «Այս իշխանությանը տրված կառավարման ժամանակահատվածն անսպառ չէ: Հեղափոխությունից հետո անցած մեկուկես տարին բառացիորեն մսխվել է, երբ հետհեղափոխական առաջին ամիսները պետք է լինեին կարևոր քաղաքական փոփոխությունների սկիզբ»:

Նարինե Մկրտչյանի կարծիքով՝ հասարակությանը վստահությունը չվայելող և քաղաքական կոռուպցիայի մեջ հայտնի շատ անուններ, օրինակ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, այսօր շարունակում են պաշտոնավարել:

«Հայաստանի քաղաքական դաշտը հրկիզված է, քաղաքական միտք նույնպես չկա: 2018 թ. ընտրությունները ծրագրերի ու գաղափարների պայքար չէր: Իշխանության ընդդիմախոսությամբ այսօր զբաղված է ՀՀԿ-ն է, և որքան էլ զարմանալի է՝ այն իշխանությանը ձեռնտու ընդդիմություն է, քանի որ չունի հասարակական աջակցություն»,- ասել է Մկրտչյանը:

Մամուլի ազգային ակումբի նախագահի պնդմամբ՝ իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես և նախկինում, շատ հարմար են իրար. «Հայաստանը չի կարողանում դուրս գալ իր նախկինների ու ներկաների հարատև կռվից: Չենք կարողանում սերնդափոխություն ապահովել ընդդիմության մեջ: Երբ վարչապետն ասում է՝ իզմերի դարաշրջանն անցել է, դրանով գաղափարախոսությունների դերակատարումը Հայաստանի հասարակական կյանքում զրոյացվում է: Ես անկեղծորեն չգիտեմ՝ ՔՊ-ն ի՞նչ գաղափարախոսության կրող է»:

Նարինե Մկրտչյանի կարծիքով՝ կոռուպցիայի, ընտրակեղծիքների հեղինակները պետք է պատասխանատվություն կրեն, բայց խոսքը նախևառաջ քաղաքական պատասխանատվության մասին է: «Չպետք է լինի ընտրովի արդարադատություն, պետք է ամեն ինչ արվի շատ կանոնակարգված: Պետական շինարարությունը չի կարող ընթանալ միայն դատավարություններով: Վարչապետը պետք է իրականացնի պետական շինարարություն: Արդարադատությունը չպետք է դառնա գործադիրի կցորդը: Եղած հաջողություններն ավելի շատ դրվագային բնույթ են կրում»,- ամփոփել է Նարինե Մկրտչյանը:


Դավիթ Սարգսյան