Սուտ է պնդումը, թե համայնքներն են խոշորացման տարբերակն առաջարկել. Ազատամուտի համայնքապետը՝ Իջևանին 19 համայնք միացնելու նախագծի մասին
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իջևան քաղաքին 19 համայնք միացնելու նախագծին, ասաց, որ եթե հաշվի չառնեն համայնքների կարծիքները, իրենք համապատասխան քայլեր են ձեռնարկելու:
«Մենք այդ մասին արդեն բարձրաձայնել ենք, պետք լինի՝ հանրաքվե կանենք: ԱԺ-ում քննարկումների ժամանակ մեր խոսքը բարձրացնելու ենք»,- ասաց համայնքապետը:
Վահագն Ալավերդյանի խոսքով՝ համայնքներում հանրաքվեներ են եղել, սակայն չի եղել քննարկում, որ համայնքների խոշորացման դեպքում պետք է գործի շրջանային խոշորացման տարբերակը, ըստ որի, պետք է 19 համայնք միանա Իջևանին:
«Հանրային քննարկման ժամանակ քննարկվել է, որ խոշորացումը պետք է երկու մասով լինի, այսինքն՝ 8 և 11 համայնքներով բաղկացած փունջ լինի: Նաև քննարկվել է, որ կարող է 4 փնջով լինել: Շրջանային խոշորացման տարբերակը ընդհանրապես չի քննարկվել»,- ասաց նա և հավելեց, որ սուտ է այն պնդումը, որ համայնքներն են այդ տարբերակն առաջարկել:
«Սա առաջինը պրակտիկայում անիրագործելի է, երկրորդ՝ անարդյունավետ: Ինչպես նաև ամենակարևոր հիմնավորումն այն է, որ սահմանապահ համայնքները առանձին տրամաբանությամբ ու առանձին փնջով պետք է զարգանա: Շատ սխալ է սահմանապահ համայնքները Իջևանին միացնելը»,- նշեց Վահագն Ալավերդյանը:
Նշենք, որ վերջերս ԱԺ է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է Իջևանը դարձնել առաջնորդ համայնք՝ քաղաքի շուրջ միավորելով Տավուշի 19 համայնք։ Ըստ մամուլի հրապարակումների՝ 2020 թվականի մարտի 15-ին նախանշած Իջևանի քաղաքապետի ընտրություններին խոշորացված համայնքի ղեկավար կընտրվի Հայկ Ղալումյանը, ով Նիկոլ Փաշինյանի ընկերն է:
Անդրադառնալով հարցին, որ խոսակցություններ են պտտվում Հայկ Ղալումյանի խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելուն, Վահագն Ալավերդյանը նշեց, որ շատ սխալ են նման խոսակցությունները, քանի որ ղեկավարին ժողովուրդն է ընտրելու:
«Կան խոսակցություններ, որ հնարավոր է անցում կատարել կուսակցական ընտրական կարգին, բայց այս պահին դեռ որևէ քայլ չկա արված»,- ամփոփեց նա:
Հիշեցնենք, որ Իջևանը միակն է խոշորացվող համայնքների մեջ, որն իր համայնքային փնջում ունենալու է շուրջ 20 համայնք. նախագծով նախատեսվում է միավորել Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն փունջը:









