Հաշվեքննիչ պալատի վերահսկողական միջոցառման իմաստը ներմուծման  մաքսատուրքերի բաշխման օրինականությունը պահպանելն է. Լևոն Յոլյան (տեսանյութ)

13:39 • 28.11.19

Նախորդ տարի նման կոլեգիայի նիստ տեղի է ունեցել Մոսկվայում, այս տարի համատեղ ստուգման  համակարգողը և կազմակերպիչը եղել է ՀՀ հաշվեքննիչ պալատը, այդ իսկ պատճառով դա իրականացվում է Հայաստանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Նշենք, որ այսօր տեղի է ունենում ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստը։

ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կողմից հաշվեքննություն է իրականացվել 2019 թվականի ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման, անդամ պետությունների բյուջեների փոխանցման ճշտության վերաբերյալ: Դրանց համակարգումը այս տարի իրականացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատը: Հաշվեքննիչ պալատի կողմից՝ որպես համակարգող, կազմվել է ամփոփ հաշվետվություն, որը հաստատվելու է այսօր:

Լևոն Յոլյանի խոսքով`  ընդհանուր առմամբ վերահսկողական միջոցառման իմաստն այն է, որ ներմուծման  մաքսատուրքերի բաշխման  օրինականությունը պահպանվի:

«Ես նշեցի, որ եթե նախկինում լինում էին ավելի շատ խնդիրներ, ապա վերջին 2 տարվա ընթացքում, ըստ էության, նաև մեր մասնակցության արդյունքն է դա: Եթե հայտնաբերվում են, զուտ տեխնիկական խնդիրներ են լինում, որոնք շատ օպերատիվ լուծում են ստանում»,- ասաց Լևոն Յոլյանը:

Նրա խոսքով՝ հաշվեքննիչ պալատները 5 երկրի համատեղ  վերահսկողական միջոցառում են իրականացնում ԵԱՏՄ դատարանում, ԵԱՏՄ հանձնաժողովում և մաքսատուրքերի հարցում: Ամեն տարի նույն հաշվեքննությունը համատեղ մի հանձնաժողովի կողմից բոլոր երկրների  ներկայացմամբ իրականացվում է: