Նվեր տալ ինչ-որ բանի դիմաց, դա նվեր չէ արդեն, դա կաշառք է. ճարտարապետ Գարեգին Եղոյանը՝ Երևանի քաղաքապետարանից «ԿաՄԱԶ»-ների դիմաց շինթույլտվություն ստանալու մասին

17:48 • 29.11.19

Նվերը լավ է, բայց մի սկզբունք կա, որին դեմ եմ, դա լավության տակից դուրս գալն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Գարեգին Եղոյանը՝ անդրադառնալով հրապարակումներին առ այն, որ թե Երևանի քաղաքապետարանը նվիրատվությունների դիմաց շինթույլտվություն է տալիս կազմակերպություններին:

«Նվիրել են, լավ են արել, բայց դրա դիմաց շինթույլտվություն տալը սխալ է, չի կարելի: Ի՞նչ է նշանակում ես քեզ սա կտամ, դու ինձ շինթույլտվություն տուր, դա անօրինականություն է: Դա նույն բանն  է, որ ասես ես քեզ այսինչ նվերը կտամ, թույլ տուր այս ինչ մարդուն սպանեմ, այդպես կլինի՞, չի լինի»,- ասաց նա:

Դիտարկմանը՝  հիմա շատ է խոսվում, թե քաղաքապետարանը նվերի դիմաց շինթույլտվություն է տալիս, բայց նախկինում այս իշխանությունը դրան ասում էր կաշառակերություն, իսկ հիմա ասում է նվիրատվություն է, Եղոյանը պատասխանեց. «Էությունը մնացել է նույնը, բովանդակությունը, ձևակերպումը փոխվել է: Ամեն դեպքում դա շատ վատ երևույթ է: Սխալ է այն, որ ես քեզ կաշառք եմ տալիս, դու ինձ թույլտվություն տուր այսինչ բանն անեմ: Ստացվում է, որ օրենքն ինչպես առաջ չէր աշխատում, հիմա էլ չի աշխատում, այսինքն՝ մենք օրենքը շրջանցեցինք: Նվեր տալ ինչ-որ բանի դիմաց, դա նվեր չէ արդեն, դա կաշառք է»,- ասաց նա:

Գարեգին Եղոյանն անդրադարձավ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հայտարարություններին, որ կանգուն հուշարձանները կմնան իրենց տեղում, իսկ արդեն քանդվածները կվերականգնվեն։ «Աֆրիկյանների տունը հարյուր տոկոսով ամենաբարձր մակարդակով կարելի է վերակառուցել, որովհետև քարերը պահպանվել են»,- ասել էր Մեսչյանը:

Նրա կարծիքով՝ ոչ մի բան էլ չի արվում. «Կարծում եմ՝ հայտարարությունների մեջ պետք է մարդը մի քիչ զգույշ և վստահ լինի, իր խոսքի կշիռը պետք է բարձր լինի: Եթե ինքը վստահ չէ այդ խոսքի կշռի և ծանրության վրա, դա ասել պետք չէ: Ես վստահ եմ, որ նա ուզում է, որ դա վերականգնվի, բայց իր ուժերը չի պատում դա անել»,- ասաց նա և հավելեց՝ այդ շինթույլտվություններն էլ եթե նվերի դիմաց արվել են, նրանից կախված չի եղել:

«Գուցե ինչ-որ հրահանգ է եղել, որ ինքն էլ տվել է: Ես սկզբունքորեն դեմ եմ նման բաներին: Այդ 18 հարկանի շենքերը, որ կառուցվում են, կարող էին նաև 28 հարկանի կառուցվեին, բայց դա պետք է լինի հիմնավորված և ոնց որ կարգն է՝ մրցույթներով, այլ ոչ թե նվերի դիմաց: Ես այդ ամեն ինչից շատ տեղյակ չեմ ու չգիտեմ դա արվել է, թե չի արվել: Եթե «ԿամԱԶ»-ի դիմաց շինթույլտվություն են տալիս, երևույթն իրենով լավ չէ»,- ասաց նա:

Հարցին՝ այստեղ գլխավոր ճարտարապետի մեղավորությունը որքա՞ն է, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, չեմ կարող ասել մեղավոր է, թե չէ, դատել չեմ կարող, բայց երևի թե ինքը պետք է լինի ավելի սկզբունքային: Միգուցե իր վրա ճնշումներ կան, ասում են՝ վայ, վույ, ամեն ինչը կանգնած է, պետք է արվի, բայց ինքն իր ասած սկզբունքներին պետք է սատար կանգնի»: