Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է բազմազավակ քահանաների ընտանիքների հետ

17:36 • 29.11.19

Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում հանդիպել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում ծառայող բազմազավակ քահանաների ընտանիքների հետ:

Հանդիպման սկզբում ներկաներին ողջունել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն անցնող 2019 թվականն Ընտանիքի տարի հռչակելու և այդ առիթով ընտանեկան ավանդական արժեհամակարգի պահպանմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրագործմանն օժանդակելու համար:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է հայտնել հանդիպման առթիվ` առավել կարևորելով այն փաստը, որ հանդիպումը չորս և ավելի զավակներ ունեցող քահանաների ընտանիքների հետ տեղի է ունենում Ընտանիքի տարվա շրջանակներում: Նորին Սրբությունը հաստատել է, որ տարվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և թեմերի կողմից նախաձեռնված քայլերը և միջոցառումները պետք է շարունակական բնույթ կրեն` առավել չափով ժողովրդի ուշադրությունը սևեռելու ընտանեկան արժեքների վրա:

Ընդգծելով, որ բազմազավակությունը երկնային օրհնություն է` Նորին Սրբությունը մասնավորաբար նշել է, որ ընտանիքը փոքր եկեղեցի է: Հայոց Հովվապետը շեշտել է, որ ընտանիքի գոյության առաջնային հիմքը տղամարդու և կնոջ սերն է՝ հաստատված Տիրոջ ներկայությամբ և օրհնությամբ, շաղախված փոխադարձ հարգանքով ու ներողամտությամբ, զիջելու պատրաստակամությամբ և խոնարհությամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ արդի աշխարհում ընտանիքի ավանդական ընկալումը ենթարկվում է ձևախեղումների, աղավաղվում է ոչ միայն «ընտանիք» հասկացությունը, այլև փորձ է արվում արժեզրկել ընտանիքի հետ շաղկապված մի շարք կենսական իրողություններ՝ սիրո զգացումը, սրբության ընկալումը, ընտանեկան հարաբերությունների մեջ պատասխանատվությունը, զոհողության ոգին: Նորին Սրբությունն ասել է, որ հարկավոր է զերծ պահել ազգը ներմուծվող այն արատավոր երևույթներից, որոնք այսօր ներկայացվում են իբրև մարդու իրավունք կամ ազատության դրսևորում:

Այդ փորձությունների հաղթահարման և քրիստոնեական ընտանիքների զորացման գործում Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայ Եկեղեցու և մասնավորապես հոգևոր հովիվների առաքելությունը` նշելով, որ քահանաները կոչված են ոչ միայն իրենց երեխաներին հայր լինելու, այլև հայրաբար խնամելու հավատացյալներին:

Հայրապետն ընդգծել է, որ հոգևոր հովիվների առանցքային ծառայությունը պետք է լինի հայ ընտանիքի զորացումը հոգևոր և բարոյական արժեքներով, որոնց է միայն հնարավոր երաշխավորել հայրենիքի անսասանությունը, շեն ու պայծառ ազգային կյանքը: «Որքան փարված լինենք ազգային ու հոգևոր արժեքներին, այնքան զորեղ կլինենք և առաջընթաց կարձանագրենք մեր կյանքում», - ասել է Վեհափառ Հայրապետը` եկեղեցականներին հանձնարարելով առավել մեծ ուշադրություն դարձնել երիտասարդության հետ տարվող աշխատանքներին, նրանց մեջ ավանդական, քրիստոնեական ընտանիքի վերաբերյալ ընկալումների ձևավորմանը և հոգևոր արժեքների սերմանմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ քահանան իր բազմազավակ ընտանիքով պետք է լավագույն օրինակը լինի համայնքի համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանաների զավակներին նվերներ է ընծայել, որից հետո նրանք այցելել են Մայր Աթոռի թանգարաններ: