Կարող է 8-9 մլն դոլարը շատ ավելի մեծ փոփոխություններ բերի երկրում, քան` 15-20 մլն-ը. պատգամավոր Քրիստինա Պողոսյան
Կարող է դուք տեսնենք, որ 8-9 մլն դոլարը շատ ավելի մեծ փոփոխություններ բերի երկրում, քան 15-20 մլն-ը ՝ ճիշտ վերահսկելու ու նպատակային ծախսելու դեպքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինա Պողոսյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյոք մտահոգություն առիթ չի՞ տալիս այն, որ «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար, ըստ էության՝ հանգանակությունների գումարը դեռ նախորդ տարվանից սկսած է նվազել, չնայած անձամբ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, որ գումարները նպատակային են ծախսվելու և կոչ էր արել հանգանակություն կատարել:
«Ոչ միայն նպատակին են ծառայելու, այլ նաև երեկ լսեցի պարոն Փաշինյանի ելույթը, որ եռապատիկ, հնգապատիկ խիստ է լինելու վերահսկողությունն այդ գումարների ծախսման, ինչը չի եղել նախորդ ժամանակ: Տեսել ենք՝ ինչ պատկերներ են եղել: Այո, մենք պատասխանատվություն ենք կրում նվիրաբերված ամեն լումայի համար»:
Քրիստինա Պողոսյանն ասաց, որ բացարձակ վստահության խնդիր չի տեսնում:
«Հանգանակություններ են, նվիրատվություններ են, ոչ ոք չի կարող ասել՝ ինչքան պետք է լինի, ինչքան է պատրաստ երկրում և երկրից դուրս գտնվող քաղաքացի նվիրաբերել: Ամեն դեպքում ՀՀ-ն շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր նվիրաբերություն են կատարել իրենց հնարավորությունների սահմանում»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ նվազման միտումը հեղափոխությունից հետո է գրանցվում՝ չնայած նրան, որ արդյունավետության երաշխիքներ են տրվում, Քրիստինա Պողոսյանն ասաց.
«Ես դրա մեջ չեմ խորանում, կարող է էդտեղ արհեստական ինչ-որ բաներ են եղել նախկինում, կարող է հիմա է այդ պատկերը: Ես չգիտեմ, չեմ արել այդ ուսումնասիրությունները: Ամեն մարդ իր հնարավորությունների շրջանակում ցանկանում է օգնել, եթե նույնիսկ 1 մլն դոլար լիներ, ես ասելու էի՝ անչափ շնորհակալ եմ այն քաղաքացիներին, ովքեր այդ գումարը նվիրաբերել են»,-նկատեց նա:
Հիշեցնենք, որ այս տարի «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: 2006 թվականից ի վեր սա գրանցված ամենացածր ցուցանիշն է. առաջին անգամ հանգանակված գումարի չափը 10 միլիոն դոլար սահմանագծից պակաս է:









