Չկասկածեք՝ որդիս Լուսակերտում ուսումնական պրոցեսն ավարտելուց հետո վերադառնալու է Արցախ. Անդրանիկ Քոչարյան
Որդիս Լուսակերտում ուսումնական պրոցեսն ավարտելուց հետո վերադառնալու է Արցախ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Tert.am-ի հարցին՝ արդյո՞ք որդին Արցախից տեղափոխվել է Լուսակերտ ծառայության:
«Հերքում եմ այդ լուրերը, որդիս Լուսակերտի հրետանային գնդում անցնում է ուսումնական պլան և 20 օր անց վերադառնալու է Արցախ, սրանում չկասկածեք, ինձ հետ կարող եք գալ և տեսնել»,- մանրամասնեց Անդրանիկ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Politik.am-ը գրել էր, որ Անդրանիկ Քոչարյանի որդին Արցախից տեղափոխվել է Լուսակերտ, որտեղ էլ պատրաստվում է անցկացնել ծառայության մնացած մասը:
Անդրադառնալով գործընկերոջ՝ Հայկ Սարգսյանի՝ պարտադիր զինվորական ծառայության վերաբերյալ նախագծին՝ Քոչարյանն ասաց, որ այն դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, քննարկումներ անցկացվեն:
«Ասեմ, որ շրջանառության մեջ դրված է մեկ այլ գաղափար , որի համահեղինակը նաև ես եմ, որտեղ մենք առաջարկում ենք բավականին խստացված իրավական կարգավորումներ 27 տարին լրացած և ծառայություն չանցած մեր քաղաքացիների համար: Առաջարկել ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք մեր պատկերացմամբ լուծելու են շատ համակարգային խնդիրներ, ինչպիսին են առաջնագծի լուրջ փոփոխությունները, որոնք կբերեն որակական փոփոխությունների»,-շեշտեց նա:









