Կամիշլիում սիրիացի զինվորականները թուրքական անօդաչու սարք են խոցել
Թուրքական սահմանից ոչ հեռու գտնվող Կամիշլի բնակավայրում սիրիական բանակի զինծառայողները խոցել են թուրքական զինուժի անօդաչու սարքը, հայտնում է SANA գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն` հետախուզական թռիչք իրականացնող անօդաչու թռչող սարքը ընկնելուն պես հայտնվել է սիրիացի զինվորների ձեռքում:
Ավելի վաղ, սահմանամերձ Թել-Թամերի քաղաքի մոտ կառավարական ուժերը հետ են մղել Սիրիայի զինված ընդդիմության զինյալների գրոհները, որոնք երկրի հյուսիս էին ներխուժել թուրքական զորքերի հետ միասին: Սիրիական հրետանին թշնամուն հարվածներ է հասցրել, որի արդյունքում, զինյալները կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ են ուեցել:
Հինգշաբթի սիրիական բանակը խաղաղ բնակչությանը ավազակախմբերից պաշտպանելու նպատակով մտել է Թել Թամերիից 10-12կմ արևմուտքում տեղակայված Էլ-Կուզլիա, Ումմ-Էլ-Հեյր և Թել-Լաբան գյուղեր: Ավելի վաղ զինված խմբերի կողմից թալանված տեղի բնակիչները օգնության նպատակով դիմել էին սիրիական հրամանատարությանը: Գործակալության տվյալներով`զինյալները թալանել են խաղաղ բնակիչների տները, առգրավել են անասուններ ու ցորենի պաշարներ, երիտասարդներին պատանդ են վերցրել:
Տեղեկությունների համաձայն՝ սիրիական զորքերի տեղակայումը Թել-Թամերի շրջակայքում նպատակ ունի ապահովել Հասաքեն և Հալեպը միացնող մայրուղու անվտանգությունը:
Հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի հյուսիսարևելքում իրավիճակի կարգավորման նպատակով համատեղ գործողությունների հուշագիր էին ստորագրել: Փաստաթղթի համաձայն`Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը և Սիրիայի սահմանապահները հոկտեմբերի 23-ի կեսօրից մտել են երկրի հյուսիսում Թուրքիայի կողմից ստեղծված 30 կիլոմետրանոց անվտանգության գոտուն սահմանակից շրջաններ:
Հոկտեմբերի 29-ին քրդերը ավարտել են այդտեղից իրենց զորքերի դուրսբերման գործընթացը իսկ նոյեմբերի 1-ից ռուսական և թուրքական զինված ուժերը սկսել են համատեղ պարեկային հսկողություն իրականացնել Եփրատ գետի արևելքում:









