Կապանում գործող ակումբի բակում ծագած վիճաբանության ընթացքում 26-ամյա քաղաքացին ծանր մարմնական վնասվածքներ է ստացել. առերևույթ հանցագործը ձերբակալվել է

15:55 • 29.11.19

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Կապան քաղաքի 26-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած, կտրած վերք, գլխի գագաթային շրջանի պատռած վերք արյունազեղում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1993 թ. ծնված երիտասարդ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1993 թ. ծնված երիտասարդը նշված մարմնական վնասվածքը ստացել է 2019 թ. նոյեմբերի 27-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գործող ակումբի բակում ծագած վիճաբանության ընթացքում:

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Կապան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: