Իտալացի պատգամավորն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել խորհրդարանական ելույթի ժամանակ (տեսանյութ)
Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Ֆլավիո Դի Մուրոն խորհրդարանական նիստի ժամանակ ամուսնության առաջարկ է արել իր սիրելիին՝ Էլիզա Դե Լեոյին: Այս մասին հաղորդում է Euro News հեռուստաալիքը:
Պատգամավորը ելույթի հնարավորություն է խնդրել երկրաշարժի հետևանքով տուժածների, տարածքների վերականգնման մասին օրինագծի քննարկման ժամանակ:
«Ես ցավում եմ խորհրդարանի աշխատանքն ընդհատելու համար, սակայն ինձ համար սա առանձնահատուկ օր է»,- ասել է նա:
«Էլիզա, կամուսնանա՞ս ինձ հետ»,- առաջարկել է նա՝ բացելով մատանու տուփը:
Չնայած պատգամավորի գործընկերներն այս ռոմանտիկ քայլը ծափահարություններով են ողջունել, սակայն խորհրդարանի ղեկավար Ռոբերտո Ֆիկոն դրան դրական արձագանք ցույց չի տվել. «Ես ամեն ինչ հասկանում եմ, բայց չեմ մտածում, թե տեղին է ելույթն այդ նպատակով օգտագործելը»,- ասել է Ֆիկոն:
Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Դե Լեոն ընդունել է սիրեցյալի ամուսնության առաջարկը, թե՝ ոչ:









