101 տարեկանում մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետը
101 տարեկանում կյանքից հեռացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուհիրո Նակասոնեն, հայտնում է NHK WORLD-JAPAN գործակալությունը:
Նակասոնեն երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1982-1987 թվականներին:
1941 թվականին նա ավարտել է Տոկիոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և անմիջապես ծառայության անցել Ներքին գործերի նախարարությունում: Պատերազմի ժամանակ ինքնակամ մեկնել է ճակատ, ծառայել է Թայվանում: 1947 թվականին Դեմոկրատական կուսակցության կողմից առաջին անգամ պատգամավոր է ընտրվել, արդեն 1959 թվականին ներառվել է կառավարության կազմում՝ որպես գիտատեխնիկական վարչության ղեկավար: Հետագայում զբաղեցրել է ազգային պաշտպանության վարչության պետի, տրանսպորտի նախարարի, վարչական կառավարման վարչության պետի պաշտոնները:
Յասուհիրո Նակասոնեն ոչ ավանդական քաղաքական գործիչ էր, որը հանդես էր գալիս «հետպատերազմյան քաղաքականության արդյունքների վերջնական ամփոփում» կարգախոսով: Հենց նրա անվան հետ են կապված Ճապոնիայում ոչ պահպանողական ալիքի առաջացումը, պետական ընկերությունների մասնավորեցումը, վարչա-ֆինանսական բարեփոխումները, ինչպես նաև ճապոնական նացիոնալիզմի վերածնմանն ուղղված ջանքերը:









