«Տաշիր Գրուպ»-ն ու «Ալեքս հոլդինգ»-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամ հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուներն են

14:19 • 29.11.19

2019 թվականի «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Ես իմ անուշ Հայաստանի. կենարար ջուր և արև համայնքներին» խորագիրը կրող 22-րդ հեռուստամարաթոնին նվիրաբերվել է մոտ 10 մլն դոլար:

Tert.am-ի հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի խոսնակ Արմինե Թոխմախյանը ներկայացրեց, որ հեռուստամարաթոնի ամենախոշոր նվիրատուն այդ պահին «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանն է՝ 1,5 միլիոն դոլար (շուրջ 715 միլիոն դրամ) գումարով, որից հետո Սամվել Ալեքսանյանի  «Ալեքս հոլդինգ»-ն է՝ 200 հազար դոլար (95 մլն 600 հազար դրամ) գումարով:

Նրանց հաջորդում են՝

Վարդանյանների ընտանիք «Գրանդ հոլդինգ»-60 մլն դրամ,

ՀՀ բանկային համակարգ- 57 միլիոն դրամ,

«Արարատ» բանկ - 40 միլիոն դրամ,

ՀՀ ոստիկանություն -  19 միլիոն 500 հազար դրամ,

«Ապավեն» ՍՊԸ - 16 միլիոն դրամ,

«Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» -15 միլիոն դրամ,

«Փեթակ» առևտրի կենտրոն, Վարուժան Գրիգորյան - 10 միլիոն դրամ,

Կենտրոնական բանկ - 7 միլիոն դրամ,

«Առանցք» ՍՊԸ - 5 միլիոն դրամ:

Արմինե Թոխմախյանը նշեց, որ փոփոխություններ դեռ սպասվում են, քանի որ զանգերը և առցանց նվիրատվությունները չեն դադարում:

Հիշեցնենք, որ հեռուստամարաթոնին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխարհում սփռված հայերին կոչ արեց նվիրատվություններ անել հիմնադրամին, որով կձևավորվի «համահայկական բյուջեն»:  Նա նաև մարտահրավեր փոխանցեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին՝ առաջարկելով ամսական իրենց աշխատավարձերից համապատասխանաբար 21, 22 և 23 դոլար փոխանցել հիմնադրամին:

Այս տարի «Հեռուստամարաթոն 2019» նվիրաբերվել է 9 մլն 856 հազար ԱՄՆ դոլար: Վերջին 6 տարում առաջին անգամ հանգանակված գումարի չափը 10 միլիոն դոլար սահմանագծից պակաս է:

2018-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած առաջին հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 2019-ի արդյունքից 1.3 մլն դոլարով ավելի՝ 11 մլն 109 հազար դոլար:

2018-ի հեռուտամարաթոնից օրեր առաջ վարչապետ Փաշինյանն ուղիղ հեռարձակմամբ աշխարհասփյուռ հայերին կոչ էր արել մասնակցել ազգային դրամահավաքին, նշելով, որ երաշխավորում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարները լիարժեք կծառայեն իրենց նպատակին:

Չնայած նրա հորդորին՝ հավաքված գումարի չափը նախքան իշխանափոխությունը գրանցված վերջին տվյալից քիչ էր կազմել. իշխանափոխությանը նախորդած տարում՝ 2017-ին հանգանակվել էր 12.5 մլն դոլար: