«Ձեր բերած նախագծում կոռուպցիոն ռիսկ կա». «Իմ քայլի» պատգամավորները դեմ են Արսեն Թորոսյանի նախագծին (տեսանյութ)

14:11 • 29.11.19

Առողջապահության նախարարությունն օրենսդրական նախագիծ է ներկայացրել, որով պատրաստվում են աշխատավարձի մինչև 6 տոկոսի չափով առողջապահական հարկ սահմանելու միջոցով ներդնել պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգ Հայաստանի ողջ բնակչության համար։

Երեկ խորհրդարանում Առողջապահության հարցերով հանձնաժողովի նիստին Արսեն Թորոսյանն ասաց, որ ՀՀ-ում բնակվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան առողջապահական ծածկույթ:

Փաստացի, նախագծով աշխատողները պարտադիր հարկ են վճարելու, որից օգտվելու են նաև չաշխատողները:

Հանձնաժողովի նիստում անդրադարձ եղավ քննարկվեց նաև « Դեղերի մասին օրենքի» փոփոխությունների մասին նախագիծը, որին սակայն, «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք համարեցին խոցելի ու ռիսկային:

«Ես ազատ եմ քվեարկելու, ես դեմ եմ քվեարկելու, որովհետև ուղիղ կես ժամ է՝ ասում եմ, որ այդտեղ կոռուպցիոն  ռիսկ կա, դրա մեջ և´ նախարար, և´ փոխնախարար, և´ ցանկացած մարդ կարող է լինել: Իմ պարտավորությունն է անել ամեն ինչ, որ այդ ռիսկը չեզոքացվի, այո, դեղերի գովազդի մեջ ես ռիսկ տեսնում եմ», -ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը:

Արձագանքելով՝ Արսեն Թորոսյանն ասաց, որ այդ նախագիծը գովազդի մասին չէ. «Տեղյակ ենք, տիկին Պողոսյան: Ես և իմ փոխնախարարները մեղադրվում ենք կոռուպցիան առաջ տանելու մեջ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը մեզ ուղղակիորեն մեղադրեց կոռուպցիան առաջ տանելու մեջ, ոչ միայն անձամբ ինձ, այլ նաև իմ տեղակալներին, որպես օրինակ նշեց իմ նախկին տեղակալին: Եվ եթե իշխող խմբակցության պատգամավորը, որ կառավարության հենարանը պետք է լինի Ազգային ժողովում, պաշտպանի մեր նախագծերը, հասկանա մեր ծրագրերը, նման կերպ է արտահայտվում մեր նախագծին, ապա ես այդ մասով առաջարկում եմ այդ հոդվածը հանել օրենքից, որպեսզի դեղագործական շուկայում մյուս կարգավորման մասով փոփոխություն չլինի, բայց սա լուրջ քաղաքական հետևանքներ է ունենալու»:

Քրիստինե Պողոսյանի արձագանքին, թե ինչ վերաբերում է իրենց քաղաքական հենարանը լինելուն, ապա հենարանը լինելու խնդիր չեն տեսել, սակայն այս հանձնաժողովը նրա համար է, որ քննարկեն ու հասկանան ցանկացած երկրի նպատակահարմարությունը. «Մենք մեր գործն ենք անում, դուք՝ ձեր»:

«Խանգարում եք»,-ասաց Թորոսյանը: Պողոսյանն ասաց, որ իրենք չեն խանգարում:
Արձագանքեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը. «Իշխող խմբակցությունը չի կարող լինել կառավարության հենարանը, այդպես եղել է տարիներ առաջ, մենք դա մերժել ենք, այո´, մերժում ենք կլասիկ քաղաքականություններ, որովհետև կառավարությունը ժողովրդի ներկայացուցիչն է և ոչ թե իշխանության»:

Նախագծից դեղերի իրազեկման վերաբերյալ մասը նախարարի տեղակալի առաջարկով հանվեց, իսկ Արսեն Թորոսյանը հեռացավ հանձնաժողովից: