Մահացել է ԱՄՆ ամենատարեց բնակիչը
ԱՄՆ-ում 114 տարեկան հասակում մահացել է աֆրոամերիկուհի Ալելյա Մերֆին, ով համարվում էր երկրի ամենատարեց բնակչուհին, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Մերֆիի՝ կյանքից հեռանալու մասին լուրը հաստատել է վերջինիս թոռնուհին՝ ոչինչ չհայտնելով մահվան պատճառի մասին:
Հեռուստաալիքը հստակեցնում է, որ Ալելյա Մերֆին ծնվել է Հյուսիսային Կարոլինայում, ապա տեղափոխվել Նյու Յորք Հարլեմյան վերածննդի՝ աֆրոամերիկացի գրողների և դերասանների մշակութային շարժման գագաթնակետին: Շարժումը սկսվել էր Հարլեմում 1920-30-ական թթ.-ին: Մերֆին դերձակ և սոցիալական ակտիվիստ էր, մասնավորապես նա նպաստել է տեղական եկեղեցու զարգացմանը, ինչից հետո հայտնիություն է ձեռք բերել հարլեմյան բնակչության շրջանում:
ԱՄՆ ամենատարեց բնակչուհու 114-ամյակը Նյու Յորքում մեծ տոնի առիթ էր դարձել: Այդ ժամանակ Նյու Յորք նահանգի սենատոր Բրայան Բենջամինը Ալելյային «Հարլեմի գրավչություն» էր անվանել և շնորհակալություն հայտնել նրան հասարակությունում ունեցած իր ավանդի համար:
Մերֆիի ընտանիքի անդամների խոսքերով՝ իր երկարակեցությունը կինը բացատրում էր Աստծո կամքով և «լավ մարդու» արարքներով:









