Աջակցում եմ այն մարդկանց, որոնք փորձում են փրկել ազգային և մշակութային ժառանգությունը. Դի Կապրիոն պատասխանել է Բրազիլիայի նախագահին
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հերքել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մեղադրանքն իր հասցեին, ըստ որի ինքը ֆինանսավորում է Ամազոնիայի անտառային հրդեհների հետ կապ ունեցող ոչ կառավարական կազմակերպություններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ամազոնիայի համար ճգնաժամային այս ժամանակաշրջանում ես աջակցում եմ այն մարդկանց, որոնք փորձում են փրկել ազգային և մշակութային ժառանգությունը: Այս անփոխարինելի էկոհամակարգերի ապագան վտանգված է, և ես հպարտությամբ աջակցում եմ այն խմբավորումներին, որոնք պաշտպանում են այն: Մենք չենք ֆինանսավորել թիրախային կազմակերպություններին»,- ասել է Դի Կապրիոն:
Նոյեմբերի 28-ին Բրազիլիայում անտառները հրդեհելու մեղադրանքով ձերբակալվել էր տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների (Brigada Alter do Chão, Aquíferos Alter do Chão և Projeto Saúde e Alegria) 4 անդամ: Նշվում է, որ այս մարդկանց նպատակը անտառային հրդեհների լուսանկարների վաճառքն էր:










