7 օրում՝ 26,4 մլն դիտում. Սկորսեզեի «Իռլանդացին» մեծ հաջողություն է գրանցել Netflix-ում

11:23 • 11.12.19

Հոսքային մեդիայի ֆիլմերի և սերիալների հիմք հանդիսացող Netflix ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ հոլիվուդյան ռեժիսոր Մարտին Սկորսեզեի  «Իռլանդացին» նոր քրեական դրաման թողարկման առաջին յոթ օրերի ընթացքում դիտվել է 26,4 մլն անգամ:

Ավելի ստույգ՝ 3,5 ժամ տևողությամբ ֆիլմը դիտել է 26,404,081 մարդ: Այս մասին տեղեկացրել է  ընկերության կոնտենտի գծով տնօրեն Էդ Սարանդոսը, որի կարծիքով՝ նման արդյունքն ուղղակի հրաշալի է:

Հայտնի է, որ  ընկերությունը պարբերաբար ներկայացնում է իր հարթակում ներկայացվող ֆիլմերի և սերիալների դիտելիության վիճակագրությունը:

Daily Mail-ը նկատում է, որ այս տվյալների ստույգ լինելու դեպքում, «Իռլանդացին» կդառնա  հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանն առաջադրված և այս տարի ամենաշատ դիտված ֆիլմերից:

Ինչ վերաբերում է բուն ֆիլմին, ապա դրանում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Պեշին: Ֆիլմն առաջադրվել է նաև «Ոսկե գլոբուս» մրցանակի:

 

7 օրում՝ 26,4 մլն դիտում. Սկորսեզեի «Իռլանդացին» մեծ հաջողություն է գրանցել Netflix-ում