Կլիմտի «Կնոջ դիմանկարը», որը 1997-ից գողացված է համարվում, հայտնաբերվել է իտալական պատկերասրահի պատերից մեկի մեջ. «ՌԻԱ Նովոստի»
Ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի «Կնոջ դիմանկարը», որը 1997 թվականից գողացված է համարվում, հայտնաբերվել է Պյաչենցայի Ռիչչի Օդդիի ժամանակակից արվեստի պատկերասրահի պատերից մեկի մեջ, որտեղից և կորել էր, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իտալական քաղաքի ոստիկանության տարածած հայտարարությանը:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ բաղեղից պատերի մաքրման աշխատանքներ իրականացնող աշխատակիցներն այն հայտնաբերել են պատկերասրահի որմնախորշում եղած սև պարկի միջից:
«Հենց բաղեղն էր փակել այդ որմնախորշը: Հնարավոր է, որ պարկը 1997 թվականից այդ տեղում է մնացել»,- նշել է խոսնակը:
Նա հավելել է, որ այս փուլում դեռ շատ շուտ է ենթադրություններ անել՝ արդյոք խոսքը բնօրինակի մասին է: Նկարն արդեն ներկայացվել է փորձաքննության:
«Կնոջ դիմանկարը» ամենաորոնվող համաշխարհային արվեստի գործերի ցուցակում է ներառված:










