«Տարօրինակ, շփոթեցնող, զարմանահրաշ, կախարդական». համացանցում են հայտնվել «Կատուները» ֆիլմի առաջին արձագանքները
Նյու Յորքում տեղի ունեցած «Կատուները» ֆիլմի պրեմիերայի առաջին արձագանքները հայտնվել են համացանցում, հաղորդում է Independent-ը:
Ըստ հաղորդման՝ ռեժիսոր Թոմ Հոփերը ֆիլմի վրա աշխատել է մինչև վերջին պահը՝ այն ավարտին հասցնելով Նյու Յորքում ֆիլմի պրեմիերայից ընդամենը 12 ժամ առաջ: Պրեմիերային ներկա են գտնվել ֆիլմի դերակատարները, այդ թվում՝ Թեյլոր Սվիֆթը, Իդրիս Էլբան և Ջենիֆեր Հադսոնը:
Ֆիլմը սկսել են լայնորեն քննարկել արդեն ամռանը թողարկված առաջին թրեյլերից հետո, սակայն ֆիլմն ամբողջովին դիտելուց հետո հանդիսատեսի կարծիքը միանշանակ չի եղել:
«Կատուները» ֆիլմն ամենատարօրինակ, շփոթեցնող, զարմանահրաշ, կախարդական ֆիլմն է, որ երբևէ տեսել եմ… անխոս արժեր դիտել»,- Twitter-ում գրել է BroadwayWorld.com կայքի խմբագիր Ալան Հենրին:
Full Circle Line-ի լրագրող Մարկոս Մելենդեսը ֆիլմն անվանել է «յուրահատուկ և տարբերվող»:
«Ամենավատն այն է, որ «Կատուները» ֆիլմում լավագույն դերը բաժին էր հասել Ջեյսոն Դերուլոյին (ամերիկացի երգիչ)»,- մեկնաբանել է Քիթոն Քիլդը Vogue-ից:
Մեծ Բրիտանիայում ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի դեկտեմբերի 20-ին, իսկ Ռուսաստանում՝ հունվարի 2-ին:












