Ռոբերտ Պատինսոնը խոստովանել է, որ իրեն առաջին կարգի դերասան չի համարում

15:04 • 24.12.19

«Մթնշաղ» ֆիլմի աստղ Ռոբերտ Պատինսոնը The Observer-ի հետ զրույցում հայտնել է, որ թեև հանդես է գալիս գլխավոր դերերում, իրեն առաջին կարգի դերասան չի համարում, և երբեմն կասկածում է, որ իր դերասանական ունակություններն արժանի են որևէ գովասանքի, գրում է The Guardian-ը:

«Ես միայն գիտեմ՝ ինչպես խաղալ տեսարաններում: Ես լարված եմ յուրաքանչյուր ֆիլմի նկարահանման ժամանակ»,- խոստովանել է 33-ամյա Պատինսոնը The Observer-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի:

Independent Spirit Award մրցանակի կրկնակի հավակնորդ Պատինսոնը պնդել է, որ իր ունակությունների մասին մտավախությունների պատճառով նկարահանումներից առաջ գրեթե չի պատրաստվում:

«Երբ տեսնում եմ, որ խաղընկերոջս չի զարմացնում իմ խաղը, ես անմիջապես ինձ հիմար եմ զգում»,- ասել է նա:

Պատինսոնը նաև հիշել է, թե ինչպես է պատրաստվել «Փարոս» ֆիլմում Ուիլեմ Դեֆոյի հետ աշտարակի մոտ նկարահանված տեսարանին: Իր դերի համար Պատինսոնը հարվածել է իր դեմքին՝ կերպարի մեջ լիովին մտնելու համար: Նա նաև այլ միջոցներ է կիրառել՝ իր մոտ սրտխառնոց առաջացնելու համար:

«Քանի որ ես հստակ չգիտեմ՝ ինչպես խաղալ, ես ուզում էի դա ինչ-որ կերպ իրական դարձնել, և այդ ամենն ավելի հեշտ է դառնում, երբ տեսարանից առաջ ֆիզիկապես պատրաստվում ես դերին»,- ասել է նա: