Մայքլ Ջեքսոնի երկրպագուները նրա նմանակին խնդրել են ԴՆԹ հետազոտություն անցնել
Մայքլ Ջեքսոնի երկրպագուները խնդրել են, որ նրա նմանակը՝ Սերխիո Կորտեսը ԴՆԹ հետազոտություն անցնի, քանի որ կարծում են, որ նա կարող է լինել իրական փոփ-արքան:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական Mirror պարբերականին, երկրպագուները սկսել են նման խնդրանքներով հանդես գալ այն ժամանակ, երբ Կորտեսը իր մասնակցությամբ ինստագրամյան տեսանյութ է հրապարակել, որում տեղեկացնում էր Թաիլանդում սպասվելիք իր համերգի մասին:
Օգտատերերին ավելի շատ հետաքրքրել է նրա արտաքինը, քանի որ նա շատ նման է 2009 թվականին կյանքից հեռացած Մայքլ Ջեքսոնին:
«Ինձ թվաց, որ Մայքլ Ջեքսոնն է նայում: Դու նրա նման ես»,- գրել է օգտատերերից մեկը:
«Չէ որ սա Մայքլ Ջեքսոնն է»,- գրել է մեկ ուրիշը: Երրորդն էլ կարծիք է հայտնել, որ Կորտեսը, հավանաբար, միակ մարդն է, որն այդքան նման է Ջեքսոնին:
Իհարկե, նկատվել են նաև տարբերությունները. Կորտեսն իսպանական շեշտադրությամբ է խոսում և փոփ-արքայից բավականին երիտասարդ է երևում:










