Խորհրդային կինոյի «Դ'Արտանյանը» նշում է ծննդյան 70-ամյակը. Միխայիլ Բոյարսկու ոճային նախասիրություններն ու դերերը՝ «ՌԻԱ Նովոստի»-ի անդրադարձում (լուսանկարներ)
Դեկտեմբերի 26-ին խորհրդային կինեմատոգրաֆի անզուգական Դ’Արտանյանը՝ Միխայիլ Բոյարսկին, նշում է իր ծննդյան 70-ամյակը: Տաղանդավոր դերասանն ու երգիչը բավականին արտառոց անձնավորություն է: Բոյարսկու ոճի յուրահատկությունների մասին պատմել է РИА Новости Крым գործակալությունը:
«Սոսնձված» դերեր
Միխայիլ Բոյարսկու դերասանական կարիերայում 100-ից ավելի տարբեր ժանրերի դերեր կան: Սակայն խիզախ Դ’Արտանյանի դերը «Դ’Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմում և «Շունը խոտի դեզի վրա» ֆիլմում համառ Թեոդորոյի դերը բառացիորեն սոսնձվել են դերասանին:
«Ցավոք, Բոյարսկին ամենաշատն ասոցացվում է այդ ֆիլմերի հետ»,-նշել է կինոքննադատ Դավիդ Շնեյդերովը:
Նրա կարծիքով՝ Բոյարսկու բախտը շատ է բերել ռեժիսորների հարցում, որոնք երիտասարդ դերասանի մեջ տեսել են մեծ ներուժ և շատ հաջող կերպով նրան դերեր առաջարկել:
«Ցանկացած դերասանի հաջողությունը ռեժիսորն է: Ռեժիսորները կարողացել են մտնել Բոյարսկու դերասանական ներաշխարհը և հետաքրքիր կերպով բացահայտել նրա բնությունը»,-ասել է Շնեյդերովը:
Անբաժան գլխարկը
Բոյարսկին և գլխարկն իրարից անբաժան են: Վարկածներն այն մասին, թե ինչու Բոյարսկին երբեք չի բաժանվում սիրելի գլխարկներից, շատ են: Այդ վարկածներից մեկի համաձայն՝ դերասանը գլխարկով պարզապես թաքցնում է նոսրացող մազերը, սակայն հետագայում այդ վարկածը մերժվել է լուսանկարների շնորհիվ: Հարցազրույցներից մեկի ժամանակ դերասանը խոստովանել էր, որ գլխարկը «սոսնձվել» է իրեն Դ’Արտանյանի և Թեոդորոյի դերերից հետո: Կա նաև վարկած, որ հեռուստահաղորդումներից մեկին նա հյուրընկալվել է գլխարկով և այդ ոճն իրեն դուր է եկել:
Հետաքրքիր է, որ դերասանը նույն գլխարկը կրել է 12 տարի շարունակ. գլխարկների ընտրությունը խորհրդային ժամանակներում այնքան էլ մեծ չէր: Այժմ արդեն Բոյարսկին սև գլխարկների տարատեսակ հավաքածու ունի, սակայն առանց գլխարկի էլ իրեն լավ է զգում տանը, թատրոնում և եկեղեցում:
Սև գույնի սիրահարը
Իհարկե, ֆիլմերում և թատրոններում խաղալու նպատակով Բոյարսկու համար կարում են բազմերանգ հագուստներ, սակայն աշխատանքից զատ ժամանակ դերասանը նախընտրում է կրել միայն սև հագուստ: Երկար ժամանակ խոսակցություններ կային, որ Բոյարսկին սնահավատ է և սև հագուստ կրելու խորհուրդը նրան տվել է աստղագետը:
Անձամբ Բոյարսկին նշել է, որ ինքը սիրում է սև գույնը, քանի որ այդպես իրեն պաշտպանված է զգում հասարակության ավելորդ ուշադրությունից և պահպանում է ներքին հանգստությունը:
Դերասանի երկրպագուները համաձայն են նրա հետ և կարծում են, որ սև վերարկուն ու հագուստը խորհրդավորություն են հաղորդում Բոյարսկուն:
Կես դար ծխախոտի հետ
Բոյարսկուն հաճախ կարելի է տեսնել ծխախոտով կամ սիգարով: Բոյարսկին ընդհանուր առմամբ ծխում է արդեն 50 տարի և կարծում է, որ ամեն մարդ ինքը պետք է որոշի՝ ծխել, թե ոչ: Մի անգամ դերասանը խոստովանել է, որ սկսել է ծխել՝ նմանակելով ամերիկացի գրող Ֆենիմոր Կուպերի հերոսներին, որոնք խաղաղության ծխամորճ էին ծխում:
2013 թվականից Բոյարսկին հանդիսանում է Ռուսաստանի ծխողների իրավունքների պաշտպանության շարժման ղեկավարը և համարվում է ծխախոտային լոբբիստ:













