«ԿինոՊարկ»-ում կայացավ «Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի նախադիտումը

17:31 • 23.01.20

«ԿինոՊարկ» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ընդմիշտ վատ տղաները» (Bad Boys for Life) ֆիլմի փակ նախադիտումը: Ֆիլմի առաջին մասը էկրան է բարձրացել 1995 թվականին, երկրորդ մասը՝ 2003-ին: Նախորդ երկու մասերի մեծ հաջողությունը Sony Pictures ստուդիայի համար հիմք դարձավ երկարատև դադարից հետո նկարահանել ֆիլմի 3–րդ մասը:

«ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանի համոզմամբ՝ «Ընդմիշտ վատ տղաները» շատ սպասված ֆիլմ էր, որի նկարահանման մասին խոսում էին արդեն 10 տարի:

«Պահանջվեց 17 տարի, և ֆիլմը վերջապես դուրս եկավ ասպարեզ: Ֆիլմի նախորդ երկու մասերը իմ սիրած ֆիլմերի տասնյակում են:  IMDb-ի վարկածով (վարկանիշային ցանկ՝ հիմնված Internet Movie Database ինտերնետային կայքի գրանցված այցելուների գնահատականների վրա) ֆիլմն ունի ամենաբարձր ռեյտինգը՝ 7.4, այն պարագայում, երբ առաջինի ռեյտինգը 6.9 էր, երկրորդինը՝ 6.6»,- ասաց «ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանը:

Ուիլ Սմիթը և Մարտին Լոուրենսը վերադառնում են հայտնի կատակերգական մարտաֆիլմում։

Հետաքննող ընկերներ Մայք Լոուրին և Մարկուս Բերնեթը վիճել են, և այժմ նրանցից յուրաքանչյուրը զբաղված է իր գործով: Բերնեթը որոշում է թողնել ծառայությունը Մայամիի ոստիկանությունում և զբաղվել մասնավոր քննչական գործունեությամբ: Այդ ընթացքում Լոուրին փորձում է հաղթահարել միջին տարիքի ճգնաժամը և մտածում փոխել իր ամուրի կարգավիճակը: Այդուամենայնիվ, «վատ տղաները» պետք է կրկին միավորվեն, երբ մի ալբանացի վարձու մարդասպան նրանց հետևից որս է սկսում, իսկ թե ինչի համար, պարզ է դառնում ֆիլմի ընթացքում:

Ֆիլմի նախադիտմանը ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ, «ԿինոՊարկ»-ի անձնակազմը և ֆիլմի երկրպագուները:

«Ես Ուիլ Սմիթ և Մարտին Լոուրենս դուետի, նաև նրանց՝ անհատապես, մեծ երկրպագուն եմ: Անհնար էր բաց թողնել այս ֆիլմը. նրանց դուետի դեպքում միշտ ամեն ինչ լինում է ուրախ ու հետաքրքրիր»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արամ MP3-ն:

Ֆիլմում ամենալարված պահերը համեմված են հումորով: Ֆիլմի ռեժիսորներն են Ադիլ Էլ Արբին և Բիլալ Ֆալան: Ֆիլմում նկարահանվել են նաև Ջո Պանտոլիանոն, Վանեսա Հաջենսը և այլք:  Ֆիլմի ձեռնամարտի տեսարանում Ուիլ Սմիթը խաղացել է առանց կասկադյորի օգնության:

Sony ստուդիան արդեն ստեղծում է «Ընդմիշտ վատ տղաների» չորրորդ մասը:

«Սպասելիքն արդարացել է, դա է  պատճառը, որ երրորդ ֆիլմի թողարկումից անմիջապես հետո սկսվել է «Ընդմիշտ վատ տղաները 4» ֆիլմի նախապատրաստումը. ֆիլմը հաջողված է, շարունակությունը՝ տրամաբանական: Երրորդ մասի վրա ծախսվել է 90 միլիոն դոլար: Այդուամենայնիվ, եռապատումի ամենաթանկարժեքը երկրորդ մասն էր՝ 130 միլիոն դոլար»,- ասաց «ԿինոՊարկ»-ի տնօրեն Արեգ Դանիելյանը:

Հանգստյան օրերին ֆիլմը հավաքել է 56,8 միլիոն դոլար: Սա գերազանցել է փորձագետների կանխատեսումը:

«ԿինոՊարկ»-ում ֆիլմը ցուցադրվելու է 2D ֆորմատով և բնօրինակ լեզվով` անգլերեն:

2020 թվականի ամենասպասված ֆիլմը` աստղային կազմով և անսպասելի ընթացքով, «ԿինոՊարկ»-ի մեծ էկրանին է:
















  Լրագրող՝ Լուսինե Զարայելյան

«ԿինոՊարկ»-ում կայացավ «Ընդմիշտ վատ տղաները» ֆիլմի նախադիտումը