Հույս ունեմ, որ ԱԱԾ-ում աշխատում են պատիվ ունեցող սպաներ, քննիչներ. Միհրան Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ վարչապետի վերաբերյալ (տեսանյութ)

18:26 • 30.01.20

Փաստաբան Միհրան Պողոսյանը Ազգային անվտանգության ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ։ Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հաղորդումը վերաբերում է վերջին ամիսներին Հայաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գործողություններին, որոնք իր գնահատմամբ, առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում: Մասնավորապես, պաշտոնական դիրքի չարաշահում, լիազորությունների զանցում, ինչպես նաև վարչապետի հրապարակային կոչերում և գործողություններում առկա են Սահմանադրական կարգի հիմունքների, պետության անվտանգությանն ուղղված հանցագործության առերևույթ հատկանիշներ:

«Այդ կապակցությամբ ես հաղորդում եմ նախապատրաստել, մասնավորապես, Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու առումով, ինչպես նաև իշխանությունների տարանջատման սկզբունքի ոտնահարման վերաբերյալ, որոնք ամփոփել եմ իմ հաղորդման մեջ և այն ներկայացնելու Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի այս հանագմանքները ստանան իրավական պատշաճ գնահատական»,-ասաց նա:

Ըստ փաստաբանի` այս քրեական գործը քննելը բացարձակապես որևէ դժվարության չի հանդիպի, քանի որ բոլոր կոչերը եղել են հրապարակային և պահպանվում են: «Ես հույս ունեմ, որ Ազգային ավնտանգության ծառայությունում աշխատում են պատիվ ունեցող սպաներ, այդ թվում քննիչներ և Սահմանդարական կարգի հիմունքներին ու պետության անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում՝ վերջիններս կչեզոքացնեն վտանգը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի մեղադրանքից ՀՔԾ-ին մանրամասներ տրամադրելուն և դրա հիման վրա ռեպորտաժ պատրաստելու փաստին, որը ֆեյսբուքյան իր էջով տարածել էր վարչապետ նաև Նիկոլ Փաշինյանը՝ Միհրան Պողոսյանն ասաց. «Իշխանության քմահաճույքների համաձայն՝ Հատուկ քննչական ծառայությունը ենթարկվելով ճնշումների, ինֆորմացիա է տրամադրել լրատվական միջոցին, ինչի արդյունքում պատրաստվել է տվյալ ռեպորտաժը, ինչը խոսում է ճնշումների աննախադեպ և քաղաքական բնույթի մասին: Մենք այդ առումով ևս քննիչից պարզաբանումներ ենք պահանջել, թե ինչ իրավունքով, որ օրենքի հիման վրա  է քննիչը տեղեկատվություն տրամադրել լրատվամիջոցին»,-ասաց նա և նշեց, որ երբ այդ մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ կատարեց վարչապետը, ակնհայտ դարձավ, որ սա մի ամբողջ շղղթայի հերթական մասն է:

«Այս գործողություններն ապացուցում են փաստը, որ պարոն Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական և անձնական հետապնդում, այստեղ քրեական հետապնդման մասին խոսել չի կարելի»,-ասաց նա: