ՀՔԾ-ում հարուցված քրգործն առնչվում է Նարեկ Սամսոնյանի՝ «3000$ 1կգ սև իկռա առնող վարչապետը» գրառմանը
Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածված` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի` 26.01.2020թ. ֆեյսբուքյան գրառման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր` ՀՀ ՊԵԿ առանձին պաշտոնատար անձանց ենթադրյալ ոչ իրավաչափ հանձնարարություններ տալու և նրանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Ըստ հաղորդագրության՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է նախաքննական մարմին` բացատրություն տալու, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ:
Նախապատրաստված նյութերի հիման վրա 30.01.2020թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Tert.am-ի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործն առնչվում է Նարեկ Սամսոնյանի՝ «3000$ 1կգ սև իկռա առնող վարչապետը» վերտառությամբ գրառմանը:
Տեղեկության պաշտոնական հաստատման համար Tert.am-ը լրացուցիչ ՀՔԾ-ից հարցրեց, թե արդյոք քրեական գործը վերաբերում է Նարեկ Սամսոնյանի՝ վերը նշված գրառմանը: ՀՔԾ-ից հաստատեցին տեղեկությունը:
Նշենք, որ այդ գրառման մեջ Նարեկ Սամսոնյանը հայտնել է հետևյալը.«Երևանյան ռեստորաններից մեկից հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխայի համար իկռա է առնում: Այդպես 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխան այդ մի կիլոյի գլուխը կերած է լինում: Ախռանայի տղերքը գնում են այդ ռեստորան ու նորից նույն չափ սև իկռա են ուզում, բայց ասում են «էս անգամ փոխանցումով առնենք էլի», ռեստորանի ադմինիստրացիան ասում է, որ փոխանցումով առնելու դեպքում 3 հազարի փոխարեն 5 հազար դոլար կլինի կիլոգրամը: Ու այս մեր «սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայինանում է և որոշում է տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում»:










