ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը

23:52 • 30.01.20

ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաները հինգշաբթի հաստատել են երկրում նոր տեսակի կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցվելու առաջին դեպքը: Այդ մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը՝ հղում անելով Հիվանդությունների վերահսկման կենտրոնին և Իլինոյս նահանգի առողջապահության վարչությանը:

Աղբյուրի տվյալներով՝ դեպքի արձանագրմամբ ԱՄՆ-ն դարձել է 5-րդ երկիրը, որտեղ հիվանդությունը փոխանցվել է մարդուց մարդուն: Նշվում է, որ վիրուսը հայտնաբերվել է 60-ի մոտ տարիքի տղամարդու մոտ, որի կինն ավելի վաղ վերադարձել էր Չինաստան կատարած ուղևորությունից:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ հիվանդությունից մահացածների թիվը կազմում է առնվազն 171, վարակվածներինը գերազանցում է 8200-ը: