Իտալական նավահանգստում կրուիզային նավ են արգելափակել` Հոնկոնգից ուղևորների պատճառով
Իտալիայում 6000 ուղևորով Costa Crociere կրուիզային նավը Հոնկոնգից ժամանած երկու զբոսաշրջիկի մոտ կորոնավիրուսի ախտանշանների ի հայտ գալուց հետո ժամանակավորապես արգելափակվել է: Այն կանգնած է մնացել Հռոմից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չիվիտավեկկյայի նավահանգստում, հայտնում է Rai News24 հեռուստաալիքը:
Նշվում է, որ վարակի ախտանշաններ ունեցողներն ամուսիններ են, որոնք նավի սանիտարական մեկուսարան են տեղափոխվել: Վերջիններիս մոտ բարձր ջերմություն և շնչառական խնդիրներ են ի հայտ եկել:
Ամուսինները Միլանի օդանավակայան են ժամանել հունվարի 25-ին, որից հետո Սավոնայում նավ են բարձրացել:
Հայտնի է, որ Չիվիտավեկկյայի նավահանգիստ արդեն բժիշկներ են ժամանել հիվանդների մոտ կորոնավիրուսի առկայությունը ստուգելու նպատակով:
Այլ ուղևորներ դեռևս չեն կարող ափ դուրս գալ:










