Վրաստանում չինացի զբոսաշրջիկների խմբի կհոսպիտալացնեն կորոնավիրուսի ախտանշանների պատճառով
Վրաստանում ինը հոգուց կազմված չինացի զբոսաշրջիկների խումբը (այդ թվում` երկու երեխա) կորոնավիրուսի ախտանշանների պատճառով Կազբեգից կտեղափոխվի մայրաքաղաքային ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկա, հայտնում է վրացական Առաջին ալիքը:
Տեղեկությունների համաձայն` չինացի անչափահաս երեխաները բարձր ջերմություն ունեն, սակայն ստուգումների նպատակով ամբողջ խումբը հիվանդանոց կտեղափոխվի:
«Հիվանդությունների կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեն լրագրողների հետ զրույցում հաստատել է չինացիների հոսպիտալացման մասին տեղեկությունը, սակայն հայտարարել է, որ բացառում է չինացիների մոտ կորոնավիրուսի առկայությունը: Վերջինիս խոսքով՝ զբոսաշրջիկները ժամանել են Ուհան քաղաքից 1300 կմ հեռավորության վրա գտնվող շրջանից, իսկ կորոնավիրուսն այնտեղ տարածված չէ»,- ասվում է հայտարարության մեջ:
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկայում հաստատել են, որ չինացի զբոսաշրջիները մեկուսացված սենյակներում կգտնվեն, որտեղ բուժզննում կանցնեն: Կլինիկայից նաև նշել են, որ զբոսաշրջիկները հունվարի 25-ին Վրաստան են ժամանել Բաքվից, որտեղ հասել են հունվարի 21-ին:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7711-ի, 170 մարդ մահացել է:
Չինաստանի մայրցամաքային հատվածից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում, ինչպես նաև Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Ֆինլանդիայում:
Չինաստանի առաջատար վարակաբանները նախազգուշացրել են, որ համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքում իրավիճակն արդեն անվերահսկելի է: Նրանք կանխատեսում են, որ վատագույնը դեռ առջևում է, և չի բացառվում, որ համաճարակն իր գագաթնակետին հասնի հաջորդ ամիս:
ՉԺՀ կառավարության ներկայացուցչի խոսքով` Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսի համաճարակը կնահանջի փետրվարի կեսերին և կավարտվի մարտի վերջին:










