Լարսում կունենանք դեմք, ում հետ կարելի է առնչվել և ով կներկայացնի մեր երկիրն ու մեր համակարգը. Լարսում ՊԵԿ լիազոր ներկայացուցիչ
Կառավարության այսօրվա հերթական նիստին որոշում կայացվեց Արամ Թանանյանին նշանակել Լարսում Պետական եկամուտների լիազոր ներկայացուցիչ։ Լրագրողների հետ զրույցում Արամ Թանանյանը նշեց, որ իր լիազորությունների շրջանակը դեռևս վերջնական սահմանված չէ և իր աշխատանքը կսկսի` նախ ուսումնասիրություն կատարելով:
Նա ասաց, որ ՊԵԿ-ը ներկայացվել է 5-ամյա զարգացման ռազմավարությունը և իրենց համակարգը միտված է ապահովելու երկրի ամբողջ շրջանառությունը, եկամուտները: «Այս համատեքստում հիմա ծավալվում են նաև հյուսիսում, քանի որ Լարսով անցնում է մեր հիմնական ճանապարհներից մեկը, որով սնվում է մեր երկիրը և այդ ճանապարհով կապ ենք հաստատում ԵԱՏՄ տարածքի հետ»,-ասաց նա և նշեց, որ եթե այսօր Լարսում խնդիրներ են լինում, ապա դրանք ինչ-որ տեղ լուծվում են հեռակա կարգով՝ հեռախոսազանգերով և կապի տարբեր միջոցներով, իսկ այսուհետ արդեն հնարավոր է առերես քննարկել բոլոր խնդիրները և փորձել դրանց լուծումներ տալ։
«Խնդիրներն ավելի արագ ու օպերատիվ կլուծվեն։ Լարսում կունենանք դեմք, ում հետ կարելի է առնչվել և ով կներկայացնի մեր երկիրն ու մեր համակարգը։ Մեր առաջիկա անելիքը լինելու է իրավիճակի ուսումնասիրությունը, հասկանալու՝ ինչ իրավիճակ է Լարսում։ Ցավոք, դեռ չեմ ուսումնասիրել Անվտանգության խորհրդում եղած ժամանակ, սահմանային անվտանգության հարցերից ելնելով, ուսումնասիրել եմ իրավիճակը»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Լարսում առաջացած խնդիրներում դիտավորություն տեսնելուն, ապա Արամ Թանանյանն ասաց. «Սկսել ինչ-որ ոլորտում գործունեությունը, դիտավորություն փնտրելով, այնքան էլ արդյունավետ չէ, պետք է անկողմնակալ լինել, ուսումնասիրել, հասկանալ, և հնարավոր է՝ լինի նաև դիտավորության էլեմենտներ ոմանց կողմից, որովհետև տնտեսվարողների հետ շփվում են շատ տարբեր ատյաններ և մարմիններ»,-հավելեց նա:










