Ղազախստանում 38 մարդ Չինաստան այցելելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց

15:50 • 30.01.20

Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը հայտարարել է, որ շուրջ 40 մարդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցելելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մեզ մոտ վիրուսային ինֆեկցիայով 54 մարդ է հոսպիտալացվել, որոնց մոտ կասկածվում էր կորոնավիրուսային վարակ, նրանցից 16-ի մոտ ախտորոշումը չի հաստատվել, և նրանք դուրս են գրվել: Այսօրվա դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցներում ստացիոնար և հատուկ պայմաններում գտնվում է 38 մարդ: Ախտորոշման միջոցառումները շարունակվում են»,- հայտարարել է Բիրտանովը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարի խոսքով` Ղազախստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպք չի գրանցվել:   

Չինաստանում կորոնավիրուսի 2019-nCoV նոր տեսակով վարակման պատճառով մահացածների թիվը հասել է 170-ի, վարակվածների թիվը` 7711-ի:

Մեկ օրվա մեջ իշխանությունները տեղեկություն են ստացել հիվանդության 1737 նոր դեպքի և 38 մահվան դեպքի մասին, որից 37-ը` Հուբեյ նահանգում: Վերջին օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 124 մարդ:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում, Ճապոնիայում, այլուր: