Լիբիական ԶԼՄ-ները տեղեկացրել են թուրք զինվորների և տանկերի` Տրիպոլի ժամանման մասին

11:47 • 30.01.20

Թուրքիայի ռազմածովային ուժերն իրենց տանկերն ու զինվորներին հասցրել են Տրիպոլի: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով լիբիական 218 հեռուստաալիքին:

Թուրքերը ժամանել են հունվարի 28-ին և 29-ին` երկու ռազմական նավերով և ափ են իջել: Եվս մի տրանսպորտային նավ բերել է տեխնիկան:

«Ահմար Լիբիա» պորտալը` հղում անելով անհայտ աղբյուրների, տեղեկացրել է, որ բերված զինամթերքն ու զինտեխնիկան ուղարկվել է մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ռազմաօդային ուժերի բազա:

Նույն պորտալը հունվարի 27-ին տեղեկացրել էր, որ Afriqya Airways ավիաընկերության ինքնաթիռով Միսրաթը օդանավակայան է ժամանել 40 թուրք սպա:

Հիշեցնենք, որ Լիբիայում երկիշխանություն է տիրում՝ արևելքում իշխում է ընտրված խորհրդարանը, իսկ Տրիպոլիում, այսինքն՝ արևմուտքում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ: