Փաշինյանը ոստիկաններին ուղարկել էր կրկեսային համար բեմադրելու, այժմ էլ ասում է, թե ոստիկանությունն ինքնագործունեությամբ է զբաղվել. Ն.Մալյանը՝ իրեն և մյուս քաղակտիվիստներին բերման ենթարկելու մասին

16:52 • 30.01.20

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է «Հայկական ժամանակ» օրաթերթում անանուն հրապարակված հոդվածին, որում անդրադարձ է կատարվում իրեն, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամներին Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն:

Մալյանի կարծիքով՝ անանուն հոդվածի հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ով փորձել է բերման ենթարկելու գործողությունները ներկայացնել որպես ոստիկանության ինքնագործունեության հետևանք:

Մալյանն ընդգծեց՝ ոստիկանության «սև հովազների» գործունեությունը միշտ համաձայնեցվում է իշխանության ամենաբարձր մակարդակի հետ, և նրանք ինքնագործունեությամբ զբաղվել չէին կարող:

Վերոնշյալ հոդվածում նշվում է, թե այդ «ինքնագործունեությունը» նպատակ է ունեցել ստեղծել իրավիճակ, որից իշխանությունները կտուժեին քարոզչական դաշտում:

«Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ տապալումը մաքրել քաղաքական իշխանության վրայից և այն փաթաթել ոստիկանության վրա: Հոդվածում Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ 7-8 ժամ տևած օպերացիայից տեղյակ չի եղել: Ուզում է համոզել, թե ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանն ինքնուրույն որոշել էր նման հիմարությո՞ւն անել»,-ասաց «ՎԵՏՕ»-ի ղեկավարը:

Նա, դիմելով վարչապետին, ասաց, թե վերջինիս ճիշտ տեղեկություն չեն տրամադրում. «Ձեզ անընդհատ ասում են, թե մարդիկ մեզ չեն սիրում: Ձեզ թվում է, թե Դուք ամեն ինչ ճիշտ եք անում, բայց իրականում Ձեզ ասածները հեռու են ճշտից: Ձեզ չեն սիրում, իսկ մեզ սիրում են այնքան, որ կարող են նկարահանել, հրապարակել բերման ենթարկելու տեսանյութը, ու դրանով իսկ խափանել ձեր պլանները: Դուք չունեք որևէ հեղինակություն ունեցող մարդ, որը ձեզ ճիշտը կասի»:

Անդրադառնալով իրեն բերման ենթարկելու ձևին ՝ Մալյան  ասաց, թե այն ընկալելի կլիներ, եթե զենք պահելու կասկածը հիմնավոր լիներ, ոչ թե լիներ պարզապես քաղաքական հակառակորդին նսեմացնելու, ստորացնելու փորձ:

Ուղիղ եթերի ընթացքում Մալյանը դիմեց ոստիկաններին՝ ասելով. «Դուք անօրինական զենք գտնելու համար չէիք եկել, ձեզ ուղղակի օգտագործում էին քաղաքական հակառակորդի դեմ ինչ-որ կոմպրոմատներ նկարելու համար: Նիկոլ Փաշինյանը ձեզ ուղարկել էր կրկեսային համար բեմադրելու, «կլոունություն» անելու»,-ասաց Նարեկ Մալյանը:

Հիշեցնենք, որ քաղակտիվիստներին բերման էին ենթարկել հունվարի 28-ին, և մի քանի ժամ ոստիկանությունում պահելուց և ոչինչ չհայտնաբերելուց հետո բաց թողել:

Մանրամասները՝ տեսանյութում: