ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվարի 30-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդրի մասին բանաձևը:
Ինչպես տեղեկացնում է ԵԽԽՎ կայքը, բանաձևը կազմվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով զեկուցող, իսլանդացի պատգամավոր Թորհիլդուր Սուննա Էվարսդոտտիրի հաշվետվության հիման վրա: Քննարկման ընթացքում պատգամավորների մեծամասնությունը հավանության է արժանացրել զեկույցը:
Մասնավորապես, ֆրանսիացի խորհրդարանական Բեռնար Ֆուրնեն մատնանշել է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների չիրագործումը, ինչն անընդունելի է անվանել:
ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն ապահովել, որ ենթադրյալ քաղբանտարկյալների ցուցակները վերանայվեն «անկախ և անկողմնակալ մարմնի» կողմից:
Հիշեցնենք, որ այսօր Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով:
Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը 120-ից 160 է:










