Պաղեստինում այրել են ԱՄՆ-ի դրոշներն ու Թրամփի լուսանկարները (տեսանյութ)

12:33 • 30.01.20

Պաղեստինում բողոքի ակցիաներ են ընթանում, որոնց ժամանակ ցուցարարներն այրում են ԱՄՆ-ի դրոշներն ու պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորման ծրագիր առաջարկած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարները: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը տեղեկացնում է նաև, որ այսօր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեկնելու է Մոսկվա, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկի «դարի գործարքը»:

Այս գիշեր կողմերը փոխանակվել են հարվածներով: Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակում էին գործել զենք արտադրող պաղեստինյան գործարանի վրա: Այդ հարվածը բնորոշվել է իբրև Պաղեստինի կողմից հրթիռակոծման պատասխան:

Բեթղեհեմում անցկացված ցույցի ժամանակ հերթական անգամ ԱՄՆ-ի դրոշներն ու Թրամփի լուսանկարներն այրելիս բախում է առաջացել ցուցարարների և իսրայելցի զինվորականների միջև: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Տուժել է շուրջ 50 մարդ:

Պաղեստինցիները բարկացած էն Թրամփի` արաբա-իսրայելական հակամարտությունը լուծելու փորձերից:

Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքներն Իսրայելի տարածք են հանդիսանում: