Պեկինում չեղարկել են 02.02.2020-ին նշանակված ամուսնությունների գրանցումը

13:11 • 30.01.20

Պեկինի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով ժամանակավորապես արգելել են սգո արարողությունների անցկացումն ու չեղարկել են 02.02.2020 հայտնի ամսաթվին ծրագրված ամուսնությունների գրանցումը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով China News գործակալությանը:

Հրաժեշտի արարողությունների անցկացման ժամանակավոր արգելքի մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Պեկինի քաղաքացիական վարչակազմի վարչության ղեկավար Լի Վանցզյունը:

«Ներկայում Պեկինում 12 թաղման բյուրո կա: Դրանք դադարեցրել են հրաժեշտի արարողություններ անցկացնել, քանի որ ամեն արարողությանը հավաքվում են տասնյակ մարդիկ, ամենաշատը` 100-ից ավելի, իսկ այդպիսի մասշտաբային հավաքները չեն նպաստում վիրուսի դեմ պայքարին»,-հայտարարել է Վանցզյունը:

Շատ պեկինցի սիրահարներ նույնպես ստիպված են փոխել իրենց ծրագրերը: 2020 թվականի փետրվարի 2-ը Չինաստանում շատ պահանջված ամսաթիվ է ամուսնությունների համար, քանի որ այդ թվերի համադրությունը չինարենում համահունչ է «ես քեզ սիրում եմ, ես քեզ սիրում եմ» արտահայտության հետ: Նման երևույթ լինում է հազար տարին մեկ անգամ:

«Քաղաքի կառավարության որոշմամբ, քաղաքում ամուսնությունները գրանցող բոլոր կառույցները չեղարկում են 2.02.2020-ին ամուսնությունների գրանցումը»,-տեղեկացրել են քաղաքային իշխանությունները:

Չինաստանում կորոնավիրուսի 2019-nCoV նոր տեսակով վարակման պատճառով մահացածների թիվը հասել է 170-ի, վարակվածների թիվը` 7711-ի:

Մեկ օրվա մեջ իշխանությունները տեղեկություն են ստացել հիվանդության 1737 նոր դեպքի և 38 մահվան դեպքի մասին, որից 37-ը` Հուբեյ նահանգում: Վերջին օրվա ընթացքում հիվանդանոցներից դուրս է գրվել 124 մարդ:

Հիվանդության դեպքեր են գրանցվել նաև Ավստրալիայում, Վիետնամում, Հարավային Կորեայում, Մալայզիայում, Նեպալում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում, Կամբոջայում, Ճապոնիայում, այլուր: 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները շրջակա միջավայրի վերլուծություն են իրականացրել և հաստատել են, որ 2019-nCoV-ի հավանական աղբյուրն Ուհան նահանգի Հուանանի մեծածախ առևտրի շուկան է: