Սուզանավեր, որոնք կարող են աշխարհը ոչնչացնել 30 րոպեի ընթացքում. NI

12:04 • 30.01.20

National Interest ամսագիրը նշել է 5 սուզանավ, որոնք ի վիճակի են ոչնչացնել աշխարհը 30 րոպեի ընթացքում: Այդ ռազմական մեքենաներից երեքը ռուսական են, մնացածը` ամերիկյան:

Հոդվածի հեղինակը կազմել է միջուկային սուզանավերի ցուցակ, որոնք արդեն Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և ԱՄՆ ռազմական նավատորմի մաս են կազմում, կամ շուտով շահագործման կհանձնվեն: Նշվում է, որ խորհրդային 941 «Շնաձուկ» նախագծի սուզանավերի հին օրինակները չեն դիտարկվում, քանի որ դրանց մեծ մասն արդեն չի շահագործվում:

Վարկանիշում հայտնվել են 955 «Բորեյ» նախագծի սուզանավերը, որոնք հրատարակությունն անվանում է «բալիստիկ հրթիռներով ամենաանձայն սուզանավերը», ինչպես նաև 667ԲԴՌՄ «Դելֆին» և 885Մ «Յասեն-Մ» նախագծերի սուզանավերը: Հեղինակի խոսքով` վերջինները կարող են ԱՄՆ-ի արևելյան ափին մոտենալ 2 հազար կիլոմետր հեռավորության վրա և նման հեռավորությունից խոցել թիրախներ` մինչև անգամ Մեծ լճերը:

Ցուցակում ամերիկյան սուզանավերից ներառվել են «Օհայո» տեսակի, ինչպես նաև «Կոլումբիա» նոր տեսակի սուզանավերը, որոնց կառուցումը սպասվում է հաջորդ տարի, իսկ զինանոցում հայտնվելը` 2031 թվականին:

Հրատարակությունը նշում է, որ թվարկված սուզանավերից մի քանիսն այնքան հզոր են, որ այդ մարտական մեքենաներից մեկն էլ բավարար կլիներ քաղաքի մեծության 288 թիրախ «ռադիկոակտիվ մոխրի վերածելու» համար:

«Իրականում Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու դեպքում այդ մեքենաները և դրանց ռազմական տեխնիկան կարող են ոչնչացնել քաղաքակրթությունն ավելի քիչ ժամանակում, քան անհրաժեշտ է, օրինակ, պիցցա պատվիրելու համար»,- գրում է հոդվածի հեղինակը: