Թաիլանդում կալանավորները կօգնեն բժիշկներին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում

14:55 • 30.01.20

Թաիլանդի ուղղիչ հաստատությունների վարչությունը կալանավորների բժշկական պատրաստության նախագիծ է թողարկել, որը ենթադրում է, որ նրանք պետք է օգնեն բժիշկներին և բուժքույրերին այլ կալանավորների` նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Bangkok Post թերթին:

Նախագծին կմասնակցի 50 կալանավոր: Վարչության ղեկավար Նարաս Սավեստանանի խոսքով` կալանավորներին կընտրեն երկրի տարբեր բանտերից, որից հետո վերջիններս ութօրյա դասընթաց կանցնեն Բանգկոկի բանտերից մեկում: Այնուհետև նոր հմտություններով և գիտելիքներով կալանավորները կվերադառնան իրենց բանտեր` հիվանդների խնամքի համար:

Սավեստանանը հավելել է, որ նման միջոցառումները կօգնեն ավելի քան 380 000 բանտարկյալ ունեցող բանտերում լուծել բժշկական անձնակազմի խնդիրը:

Թաիլանդական բանտերը լի են, այդ պատճառով էլ այնտեղ վարակները հեշտորեն ու արագ են տարածվում:

«Ամբողջ երկրի բանտերում այս պահին 314 չինացի բանտարկյալ կա, ևս 14-ը նոր է ժամանել: Որքանով որ տեղյակ ենք, նրանք կորոնավիրուսով վարակված չեն, սակայն բանտարկյալների պատրաստությունը կօգնի վարակի բռնկման դեպքում»,- հավելել է վարչության պետը:

14 բանտարկյալից որևէ մեկը Չինաստանի Ուհան քաղաքից չի ժամանել: Իշխանությունները նշել են, որ այլ կալանավորների համար նոր դասընթաց կնախատեսվի առաջին 50 բանտարկյալի դասընթացներից օրեր անց: