Քարվաճառի տարածքում ոչ մի նոր ՀԷԿ չպետք է կառուցվի, բոլոր կառուցվողներն էլ պետք է ապամոնտաժվեն․ Ալ. Քանանյանը շարունակում է հացադուլը՝ իր տան մոտ ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով
Արցախի նախագահ Բակո Սահակյանը համայնքներ է այցելել, բնակիչներին համոզել, որ համաձայնվեն ՀԷԿ-երի կառուցմանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, ով արդեն 10 օր է՝ հացադուլ է հայտարարել իր տան բակին կից փոքր ՀԷԿ-երի շինարարական աշխատանքները դադարեցնելու պահանջով:
Օրերս Ալեքսանդր Քանանյանի ինքնազգացողությունը վատացել էր, նա նշեց, որ լուրջ մտահոգվելու հիմքեր չկան, պարզապես ամեն օր մոտ հարյուր անձի հետ հանդիպումներ, քննարկումներ ունենալը նրա դիմադրողականությունը ժամանակից շուտ է սպառում, սակայն դեռ կարող է դիմակայել:
Ալեքսանդր Քանանյանը ներկայացրեց, որ հացադուլ հայտարարած օրերի ընթացքում մի քանի տասնյակ պետական պաշտոնյաների, Արցախի նախագահի թեկնածուների, ակտիվ քաղաքական գործիչների, լրագրողների հետ է հանդիպել, նրա գնահատմամբ՝ լավ է, որ հանրային ուշադրությունը կա։
Հարցին, թե ՀԷԿ-երից ի՞նչ պատասխան է ստացել, Քանանյանը նշեց՝ ժամանակ ձգել են ուզում, որպեսզի օրակարգն իրենց ցանկալի ձևով դասավորեն։ «Նրանց օրակարգային պահանջները քաղաքական բաղադրիչներ ունեն, իրավիճակը բնապահպանական գործիքակազմով չի հանգուցալուծվի»։
«Քարվաճառի շրջանում գործող փոքր ՀԷԿ-երի քանակը վաղուց հատել է սանձարձակ երևակայության բոլոր հնարավոր սահմանները և Քարվաճառի շրջանի ջրային ցանցի ավելի քան 40 տոկոսը հոսում է խողովակաշարերով, մեծ տարածքներ ջրազրկված են, բնության սպանդ է տեղի ունենում»,- ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ ՀԷԿ-երի ավելացումը կհանգեցնի նրան, որ գյուղերում բնակվել ցանկացողներ չեն լինի, ուստի այս պահից սկսած Քարվաճառի տարածքում ոչ մի նոր ՀԷԿ չպետք է կառուցվի և բոլոր կառուցվողներն էլ պետք է ապամոնտաժվեն։
Քանանյանը Բակո Սահակյանի գլխավորությամբ Արցախի քաղաքական ղեկավարությանը հորդորեց գիտակցել իրավիճակի լրջությունը, քանի որ, ըստ նրա ներկայացման՝ Բակո Սահակյանը տասնյակից ավել նախարարների հետ Քարվաճառ է այցելել և փորձել դպրոցական երեխաներին, բնակչությանը ահաբեկել, սակայն անհամարժեք պատասխան է ստացել և ամոթով հեռացել տարածքներից։
«Արցախի ղեկավարներին կոչ եմ անում պատրանքների ամպերից իջնել, և հաշտվել, որ Քարվաճառի ապագան բնակիչներն են որոշում։ Քարվաճառն ու Քաշաթաղը սեփական ագահությունը բավարարելու համար չեն։ Պահանջում եմ՝ ենթարկվել մեր պահանջներին և հանձնվել, հակառակ դեպքում ամեն ինչ ավելի դաժան դաշտ կգնա»,- ամփոփեց նա։










