Ստրասբուրգում Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ակցիա է տեղի ունեցել (տեսանյութ)

14:21 • 30.01.20

Հունվարի 30-ին Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի խորհրդի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Ակցիային մասնակցություն են ունեցել Եվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի ներգաղթյալները:

Ակցիայի ժամանակ «Թղթակիցների ազատության և անվտանգության ինստիտուտի» տնօրեն Էմին Հուսեյնովը կոչ է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին ընդունել այսօր վեհաժողովում քննարկվող Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևը:

Նա նաև պահանջ է ուղղել Ադրբեջանի իշխանություններին` ազատել բոլոր քաղբանտարկյալներին:

Հուսեյնովը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա` Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը «մեկընդմիշտ լուծելու համար»:

Այսօր ԵԽԽՎ-ն քննարկելու է զեկուցող Սուննա Էվարսդոտտիրի հաշվետվությունն Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ: Հաշվետվության մեջ նշված է, որ քաղբանտարկյալների խնդիրն Ադրբեջանում վերջին ժամանակներս պարբերական բնույթ է կրում: Բանաձևի նախագծում հետևողականորեն խորհուրդ է տրվում Ադրբեջանին հետևել Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորություններին ու հարգել մարդու իրավունքները:

Ադրբեջանցի իրավապաշտպանների տվյալներով` Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը 120-ից 160 է: